Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամները հանդիպում ունեցան Վանաձորի պետական համալսարանի և քոլեջի ուսանողների հետ
Սեպտեմբերի 17-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանին, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հարություն Գուլյանին, «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն, ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանին, «B2B» հաշվապահական կենտրոնի տնօրեն, ասոցիացիայի խորհրդի անդամ Լիլիթ Դերձյանին և այլ անդամների։ Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի և քոլեջի ուսանողները։
Հ․ Թովմասյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը, կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
Սույն թվականի մարտին Վանաձորի պետական համալսարանի և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ բարձր առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրելու վերաբերյալ։ Այս հնարավորությունից կարող են օգտվել բուհի «Կառավարում» և «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտությունների 3-րդ կուրսի և քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները։
Ելույթներ ունեցան նաև «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը, «B2B» հաշվապահական կենտրոնի տնօրեն Լիլիթ Դերձյանը, ասոցիացիայի անդամ Նարե Թամրազյանը, որոնք ներկայացրին ասոցիացիային անդամակցելու առավելությունները և ուսանողներին ընձեռվող մասնագիտական աճի հնարավորությունները։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։ Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության և վստահության համար։




