Ռուստամ Սահակյանը հյուրընկալեց Վանաձորի պետական համալսարանի հաղթանակած ուսանողներին

Ռուստամ Սահակյանը հյուրընկալեց Վանաձորի պետական համալսարանի հաղթանակած ուսանողներին

Դեկտեմբերի 28-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի հաղթող մեր բուհի ուսանողներին և համապատասխան ֆակուլտետների դեկաններին:

Ռեկտորը նախ շնորհավորեց բակալավրի կրթական ծրագրով երրորդ տեղը գրաված «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Նանե Գևորգյանին,  մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղին արժանացած «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտոության 2-րդ կուրսի ուսանող Ինեսա Փելեշյանին, մագիստրոսի կրթական ծրագրով մշակույթ-սպորտ ոլորտում երկրորդ տեղը զբաղեցրած «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էլլադա Ալավերդյանին, հետաքրքրվեց նրանց մասնագիտական հետաքրքրություններով, ապագայի հետ կապված պլաններով:

Ռուստամ Սահակյանն իր խոսքում շեշտեց, որ համալսարանի ուսանողների հաղթանակը նախևառաջ Վանաձորի պետական համալսարանի հաղթանակն է, քանզի յուրաքանչյուր ուսանող իր թվացյալ փոքրիկ հաջողություններով կերտում է բուհի համբավը և նպաստում էլ ավելի մեծ ձեռքբերումների:

Հանդիպման ավարտին ուսանողներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ:

Previous Article
Next Article