Հավաստագրեր՝ կամավորական աշխատանքի համար
Հունիսի 21-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանին և ֆակուլտետի թվով հինգ ուսանողների:
Ավարտվել են ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնած կամավորական աշխատանքների շրջանակում իրականացված օտար լեզուների՝ անգլերենի և ռուսերենի ուսուցման դասընթացները, ինչի կապակցությամբ Ռուստամ Սահակյանը շնորհակալություն հայտնեց դեկան Մարիյա Բրուտյանին՝ օգտակար նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, իսկ ուսանողներին հանձնեց կամավորությունը փաստող հավաստագրեր:
Ռեկտորը հույս հայտնեց, որ կամավորությունը ուսանողների համար մասնագիտական ուղին կերտելու կարևոր հիմնաքար կլինի, և կամավորության օրինակը վարակիչ կլինի նաև այլ ֆակուլտետների ուսանողների համար:
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ամալյա Քոչինյանը, ով միաժամանակ նաև «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի է, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Մանուկյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Խալաթյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Անահիտ Ղուկասյանը հավաստագրերից բացի ստացան նաև խորհրդանշական նվերներ՝ ՎՊՀ ուսանողական խորհրդի կողմից:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Սիրվարդ Էտիբարյանի և փոխնախագահ Էլմիրա Ավետիսյանի խոսքով՝ կամավորական հիմունքներով դասընթացների գաղափարը ծնվել էր դեռ սեպտեմբերից, գաղափարից գործողություն ճանապարհը տևել էր միչև հունվար՝ մասնակիցների նախագրանցում, կամավորների հավաքագրում, թեստավորում, դասավանդման ծրագրի կազմում, այնուհետև՝ ամբիոնի վարիչի և ռեկտորի համաձայնություն: Արդյունքում՝ թվով 20 ուսանող բարելավեցին օտար լեզուների իմացության մակարդակը:
Նախաձեռնողները լիահույս են, որ ծրագիրը շարունակություն կունենա, քանի որ դասընթացներին մասնակցել ցանկացողների ակտիվություն են նկատում: