Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված պրոֆեսոր Պարգև Գևորգյանի հոբելյանական 80-ամյակին
2026 թ․ հունիսի 29-ին ՎՊՀ մեծ դահլիճում կայացավ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Պարգև Գևորգյանի հոբելյանական 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։
Հոբելյանական հանդիսությունը համախմբեց համալսարանի ղեկավար կազմին, դասախոսներին, ուսանողներին, գործընկերներին և հյուրերին՝ արժևորելու պրոֆեսորի անցած նշանակալի ուղին։ Միջոցառումը հարգանքի ու երախտագիտության յուրահատուկ արտահայտություն էր մանկավարժական, գիտական երկարամյա գործունեությամբ բազմաթիվ սերունդների կրթության ու դաստիարակության գործում մեծ ավանդ ունեցած պրոֆեսորի նկատմամբ։
Հանդիսատեսը դիտեց պրոֆեսոր Պարգև Գևորգյանի կյանքի ու գործունեության մասին տեսանյութ, որն ամփոփ ներկայացրեց նրա անցած ուղին, գիտական ու մանկավարժական գործունեության կարևոր դրվագներն ու ձեռքբերումները։
Շնորհավորանքի և գնահատանքի խոսքերով ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Թերեզա Շահվերդյանը, պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Ամատունի Վիրաբյանը, պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, ինչպես նաև պրոֆեսորի դուստրը՝ Մերի Գևորգյանը։
Ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և գիտության բնագավառում մատուցած ծառայությունների համար ռեկտոր Արմեն Ծատուրյանը պրոֆեսորին պարգևատրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ոսկե հուշամեդալով, պատվոգրով, ինչպես նաև հանձնեց հատուկ նվեր՝ «Հովհաննես Թումանյանի ընտրանի» հուշագիրքը՝ ոսկեջրած քանդակով։
Հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ ինքը՝ հոբելյարը։
Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով. տոնական տրամադրությունն ապահովեցին ՎՊՀ «Բիայնա» երգչախմբի և «Գանձե» պարային համույթի կատարումները։



