Հանդիպում բուհ–դպրոց համագործակցության շրջանակներում

2025 թ․ դեկտեմբերի 17-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական  համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքների և Գուգարքի տարածաշրջանի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների հետ։

Հանդիպման նպատակն էր ամրապնդել բուհ–դպրոց համագործակցությունը, վեր հանել դպրոցներում ուսանողների պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանն առնչվող խնդիրները և քննարկել դրանց բարելավման հնարավոր ուղիները։  

Հանդիպման ընթացքում  ռեկտոր Արմեն Ծատուրյանը ներկայացրեց համալսարանի առաջիկա ծրագրերը՝ կարևորելով մասնագիտական կողմնորոշման նպատակով իրականացվող այցերի արդյունավետ կազմակերպումը ինչպես Վանաձորի և Լոռու մարզի  դպրոցներ, այնպես էլ՝ աշակերտների  փոխայցելությունները համալսարան։

Ռեկտորը նշեց , որ  ընդլայնվելու է դպրոցների աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև հարակից մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները։ Ստեղծվելու են  պայմաններ մարզի հեռավոր բնակավայրերի աշակերտների այցը դեպի համալսարան ապահովելու՝ հնարավորություն տալով նրանց մասնակցելու կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի փորձերին ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում։

Ռեկտորը նշեց, որ աշխատանքներ են տարվում համալսարանում կազմակերպվող դպրոցականների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերի փոփոխության հետ կապված, որը թույլ կտա ապահովել արդյունքների մաքսիմալ օբյեկտիվություն։  Նա անդրադարձավ նաև դպրոցներում իրականացվող պրակտիկաների կազմակերպման գործընթացի առաջնահերթություններին՝ ընդգծելով վերահսկման և փոխադարձ պատասխանատվության մեխանիզմների կարևորությունը։

Ծավալված քննարկումների ընթացքում համագործակցությունն էլ ավելի  արդյունավետ դարձնելու նպատակով՝ իրենց դիտարկումներով և առաջարկներով հանդես եկան  նաև տնօրենները, որոնց ուսումնական հաստատություններում կազմակերպվել են մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և ուսանողների արտադրական պրակտիկաներ։

Հանդիպումն ընթացավ կառուցողական և գործնական մթնոլորտում։

Previous Article
Next Article