Անցկացվեց  «Գրադարանը՝ ներառականության հարթակ» խորագրով  միջոցառումը

            Մայիսի 5-ին Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից նախաձեռնած  Ազգային  գրադարանային  շաբաթ 2025-ի  շրջանակներում, «Վանաձորի  Հ․ Թումանյանի  անվան  պետական համալսարան» հիմնադրամի գրադարանում տեղի ունեցավ «Գրադարանը՝ ներառականության հարթակ»  խորագրով միջոցառումը։ 

            Հրավիրված էին «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի աշխատակազմի փոխօգնության և մենթորության  համակարգող Ռուբեն Փարսադանյանը, շահերի պաշտպանության համակարգող , Լոռու մարզի կույրերի միավորման նախագահ Վահան  Սարգսյանը, ծրագրերի համակարգող Անուշ Առաքելյանը, տեղեկատվության և ուղղորդման համակարգող Հասմիկ Մխիթարյանը, hանրային կապերի պատասխանատու Աստղիկ Ասրյան-Ղալայանը, կազմակերպության կամավոր Անուշ Ավետիսյանը։

 Վանաձորի պետական համալսարանի գրադարանի  և  մանկավարժության և հոգեբանության ամբիոնի համագործակցության շրջանակներում կազմակերպած միջոցառումը վարեց սոցիալական մանկավարժություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մերի Միքայելյանը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի մատենագետ Նարե Տոնոյանը, ասմունքեց ուսանող Աստղիկ Ադամյանը։

Սոցիալական մանկավարժություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները խոսեցին ներառական կրթության կարևորոթյան, Հայաստանում ներառական կրթության հիմքերի, իրականացվող ծրագրերի մասին։

 Այնուհետև  բիբլիոդրամայի միջոցով ուսանողները  ներկայացրին պատմություններ ներառականության մասին, որի նպատակն էր՝ առանձնահատկություն ունեցող երեխաների  դերից դիտարկել և ընկալել տվյալ իրավիճակները։  Փոխօգնության և մենթորության  համակարգող Ռուբեն Փարսադանյանը պատմեց իր կյանքի, գործունեության ու առաջնորդության մասին, պատասխանեց իրեն ուղղված հարցերին, իսկ Լոռու մարզի կույրերի միավորման նախագահ Վահան  Սարգսյանը ներկաներին ցույց տվեց Բրայլյան այբուբենը, կարդալու տեխնիկան։

Միջոցառման ավարտին կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ իրենց հիացմունքի խոսքն ասացին գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ  Լիլիթ Բաղդասարյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»  ՀԿ-ի  ծրագրերի  համակարգող  Անուշ Առաքելյանը։

Previous Article
Next Article