Գիտությունն ու սպորտը զուգահեռ են քայլում Գոռ Հարությունյանի կյանքում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն այսօր հպարտությամբ ընդունեց «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Հարությունյանին, ով Սերբիայի Նովի Սադ քաղաքում օրերս կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունում 88 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ռ. Սահակյանն ուրախությամբ արձանագրեց, որ բացի մարզական փայլուն կարիերան, Գոռ Հարությունյանը նաև բարձրագույն կրթություն է ստանում՝ խորապես ծանոթանալով հայոց պատմության ակունքներին: Ռեկտորը խոստացավ, որ բուհը կանի հնարավորինը, որպեսզի Գոռի թե՛ մասնագիտական, և թե՛ մարզական հաջողությունները միմյանց զուգահեռ առաջ գնան:
Վանաձոր քաղաքի սամբո ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Զավեն Էվոյանի բնութագրմամբ՝ «Գոռը օժտված է կամային բարձր որակներով, երբեք ոչնչից չի ընկճվում, մարզիչի հետ անում է ամեն ինչ՝ իր հմտությունները, կարողությունները բարձր մակարդակի հասցնելու համար»:
Չեմպիոնն ինքը հաղթանակի իր բանաձևն ունի. «գոտեմարտ մտնելուց առաջ կարևորը լավ տրամադրվածությունն է, վստահությունը սեփական ուժերին և իհարկե հավատը առ Աստված»:
Նշենք, որ Գոռ Հարությունյանի մարզիչը սամբո ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանն է:
Առաջիկայում ՀՀ մայրաքաղաք Երևանում կկայանա սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ևս մասնակցություն կունենա Գոռ Հարությունյանը: Ուժ ու կորով ենք մաղթում մեր ուսանողին՝ կրկին հաղթանակ տոնելու ակնկալիքով: