Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Փետրվարի 20-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը։ Օրակարգը հաստատվեց միաձայն։
Քննարկվեցին համալսարանի գործունեությանը վերաբերող առանցքային հարցեր։
Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչման հավակնորդների՝ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի ավագ դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Արթուր Խառատյանի և մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Գրիգորյանի վերաբերյալ տեղեկատվություններ։
Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ, գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար, կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանը։ Քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ որոշվեց Արթուր Խառատյանին և Զարուհի Գրիգորյանին շնորհել դոցենտի գիտական կոչում (Զ․ Գրիգորյանը այսուհետ նաև՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ)։
Հաջորդիվ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի համապարփակ վերլուծությունը։ Զեկույցի կենտրոնում ուսումնական պլանների և աշխատաշուկայի արդի պահանջների փոխկապակցվածությունն էր։ Շեշտվեց մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, որոնք շրջանավարտներին թույլ կտան լինել առավել մրցունակ։
Ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Հարությունյանն անդրադարձավ ուսանողների կարիքների վերհանմանը։
Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Հրայր Պապոյանը գիտխորհրդի քննարկմանը և հաստատմանը ներկայացրեց 208 լսարանը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոդիկ Ավագիմյանի անվամբ անվանակոչելու հարցը՝ ի նշանավորում նրա ներդրած մեծ ավանդի։ Գիտական խորհուրդը քննարկեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից հանրապետական գիտաժողովի կազմակերպման նախագիծը։
Ի գիտություն ընդունվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համսլսարան» հիմնադրամի ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնակարգը»։
Քննարկվեցին «ՎՊՀ» հիմնադրամի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման, «ՎՊՀ» հիմնադրամի ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնակարգերը։
Ռեկտոր Արմեն Ծատուրյանի առաջարկությամբ քննարկվեցին նաև համալսարանում կազմակերպվող գիտաժողովների և օլիմպիադաների կազմակերպման կանոնակարգային փոփոխությունները, որոնք առաջիկայում կներկայացվեն հաստատման։






