Գիտական սեմինարներ քիմիայի և կենսաբանության ամբիոնում

Դեկտեմբերի 10-ին և 12-ին Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնում տեղի են ունեցել գիտական սեմինարներ։

Քիմիայի և կենսաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Շուշան Քառյանը ներկայացրել է «Կենսաբանական տարիք»  թեմայով զեկույց, որի ընթացքում անդրադարձ է կատարել կենսաբանական և քրոնոլոգիական տարիքների առանձնահատկություններին ու տարբերություններին, որոշել կենսաբանական տարիքը տարբեր մասնագիտություններ ունեցող 45-65 տարիքային խմբի  շրջանում։ Ինչպես նաև ներկայացրել է կենսաբանական տարիքի ժառանգական նախադրյալներն ու շրջակա  միջավայրի գործոնների ազդեցությունը։

   Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մխիթարյանը ներկայացրել է «Լոռու մարզի ռելիկտային  դենդրոցենոզների   ուսումնասիրումը» թեման՝ անդրադառնալով Լոռու մարզի մերձալպյան գոտու ռելիկտային դենդրոցենոզների ուսումնասիրմանը և 1990-ականների զանգվածային անտառահատումների ազդեցությանը անտառածածկ տարածքների կրճատման և տեսակային կազմի փոփոխության վրա։ Ներկայացրել է հետազոտության նպատակն ու խնդիրները, մասնավորապես, մերձալպյան գոտու դենդրոբազմազանության, ռելիկտային դենդրոցենոզների տեսակային կազմի, տարածման և վերականգնման օրինաչափությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց պահպանության ու վերարտադրության ուղիների մշակումը։

  Հ․ Մխիթարյանը առանձնակի ուշադրություն է դարձրել Լիտվինովի կեչուն  և կովկասյան մրտավարդին՝ նկարագրելով դրանց առանձնահատկությունները, տարածման պայմանները և մարդածին ճնշման նվազման հետևանքով մրտավարդի տարածման ընդարձակումը։

 Ներկայացված զեկույցները մեծ հետաքրքրություն առաջացրին՝ նպաստելով մասնագիտական քննարկումների ծավալմանը և  գիտական մտքերի փոխանակմանը։

Previous Article
Next Article