Գիրք նվիրելու օրը Վանաձորի պետական համալսարանում

Փետրվարի 19-ին  Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանում նշվեցին գիրք նվիրելու և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  ծննդյան օրերը։

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ և  ուսանողներ։

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց կրթական և ճանաչողական խաղ-մրցույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքին և գրական ժառանգությանը։ Մրցույթին մասնակցեցին ՎՊՀ քոլեջի և հենակետային վարժարանի թիմերը։ Խաղ-մրցույթի հեղինակն ու վարողն էր  հայոց լեզվի և գրականության ամբիոնի աշխատակից Մարինե Քալաշյանը։ Մրցույթի ավարտին գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը գրքեր նվիրեց մասնակիցներին։

Հաջորդիվ տեղի ունեցավ համալսարանի գրադարանային հավաքածուների ինքնատիպ և արժեքավոր գրքերի ցուցադրությունը։

Առանձնահատուկ ուշադրության արժանացան «Գիրքը՝ նվեր» և «Գրքերում կանգ առած ժամանակը» խորագրով ցուցադրությունները։

Համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Ծատուրյանը, անմասն չմնալով  ձևավորված ավանդույթից, իր հեղինակած գրքերը նվիրեց գրադարանին։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ գրքերի փոխանակում. ուսանողները, միանալով տոնի խորհրդին, նվիրատվություններով համալրեցին գրադարանի ֆոնդը,  գրադարանն էլ իր հերթին սիրով գրքեր ընծայեց ընթերցողներին:

Գիրք նվիրելու օրը համալսարանում վերածվեց գրքի և ընթերցանության արժևորման խորհրդանշական նախաձեռնության՝ մեկ հարկի տակ միավորելով  գրքասերներին։

Previous Article
Next Article