Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառում՝ Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Համալսարանի «Բիայնա» երգչախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի օրհներգերը, «Վուա սյուղ» ֆրանսիական երգը:
Արվեստի և սպորտի ամբիոնի ասիստենտ Նելլի Պապանյանը հանդիսատեսին ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի խորհուրդը, խոսեց ֆրանսիական երաժշտարվեստից, մասնավորապես՝ իմպրեսիոնիզմից, իսկ նույն ամբիոնի դոցենտ Աննա Հովհաննիսյանը խոսեց ֆրանսիական կերպարվեստից:
Միջոցառումն ուղեկցվեց Լամարա Հաջյանի, Կարինե Երիցյանի դաշնամուրային կատարումներով, ինչպես նաև Կարինե Մարիկյանի, Սուսաննա Ղազարյանի, Էսթեր Գաբրիելյանի երաժշտական համարներով:
Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն անդրադարձավ հայ և ֆրանսիացի ժողովուրդների մշակութային կապին՝ շնորհակալություն հայտնելով արվեստի և սպորտի ամբիոնին՝ ֆրանսիական շունչը Վանաձորի պետական համալսարանում տարածելու համար:
Միջոցառման ներկաները մասնակցեցին նաև համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողների կտավների ցուցահանդեսին՝ ներշնչված ֆրանսիական ոգով: