ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԴԵՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԼԱՊԵՆՐԱՆՏԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՖԻՆԼԱՆԴԻԱ)
Վերապատրաստման ծրագիրը կենտրոնացած էր չորս առանցքային ուղղության վրա՝ մեդիա- և թվային գրագիտություն, առաջնահերթությունների սահմանում և որոշումների կայացում, հուզական և հանրային բանականություն, ստեղծագործական մտածողություն և խնդրի լուծման հմտություններ։
Վերապատրաստումը պաշտոնապես բացվեց հունիսի 3-ին Լապենրանտայի տեխնոլոգիական համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Յաանա Սանդստրյոմի և DeSIRe նախագծի համակարգող դոցենտ Լուսիկ Վարդանյանի ողջույնի խոսքերով։ Օրը մեկնարկեց «Լուսաձայն» (Photovoice) մեթոդին նվիրված դասընթացով, որը վարեց արդյունաբերական ճարտարագիտության և կառավարման բաժնի կրտսեր գիտաշխատող Յուլդուզ Խայռուլլինան։ Մասնակիցները լուսանկարների և տեսահոլովակների միջոցով ստեղծեցին վիզուալ պատմություններ՝ արտացոլելով իրենց անձնական և մասնագիտական նպատակները։ Այս մեթոդը ներկայացվեց որպես ոչ միայն ստեղծագործական, այլև արտահայտման ու ինքնարտահայտման հզոր միջոց։
Հաջորդ նիստում կրտսեր գիտաշխատող Աննա Կռուզենշտերնը ներկայացրեց արհեստական բանականության կիրառման հնարավորությունները ստեղծագործական մտածողության ու արտահայտման զարգացման գործում՝ ընդգծելով այն որպես մարդկային երևակայության սահմաններն ընդլայնող գործիք։ Օրվա ավարտին քննարկվեցին արհեստական բանականության գործնական կիրառությունները կրթության ոլորտում՝ նորարար դասավանդման, անհատականացված ուսուցման և բովանդակության ստեղծման հայեցակետերով։ Երեք դասընթացներն էլ միահյուսեցին հուզական արտահայտման, ստեղծագործականության և թվային առաջընթացի աղերսները։
Հունիսի 4-ին նիստերը նվիրված էին տվյալների վերլուծության գործնական կիրառմանը դասընթացների մշակման և որոշումների կայացման գործընթացում։ Պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինը, կրտսեր գիտաշխատողներ Աննա Կռուզենշտերնը և Վիկտոր Դոդոնովը ներկայացրին, թե տվյալների վրա հիմնված մոտեցումները ինչպես կարող են նպաստել կրթական և սահմանակարգային ռազմավարությունների բարելավմանը։ Դրանից հետո, նախագծային հետազոտող Կատրին Վաննիկը անցկացրեց գործնական աշխատանք՝ ուղղված դասընթացի կառուցվածքի ձևավորմանը։ Մասնակիցների թիմերն իրենց նախագծերի նախնական տարբերակները ներկայացրին և ստացան կառուցողական արձագանք հետագա զարգացումների համար։ Օրվա ավարտին կազմակերպվեց համալսարանական շրջայց՝ «Արդյունաբերական ինժեներիայի և կառավարման» բաժնի ուսումնական միջավայրի ներկայացմամբ՝ կրտսեր գիտաշխատող Պիետու Կորկալայնենի ուղեկցությամբ։
Հունիսի 5-ին անցկացվեցին հուզական և սոցիալական ինտելեկտին նվիրված վերապատրաստման դասընթացները։ Իմպրովիզացիոն թատրոնի աշխատանքը բաժանված էր երկու մասի։ Առաջին մասում կրտսեր գիտաշխատող Յուլդուզ Խայռուլլինան և նախագծային հետազոտող Բահար Բահրամյան Դեհկորդին ներկայացրին տեսական հիմքերը, մեթոդաբանական մոտեցումներն ու դասավանդման փորձից ստացած հիմնական դիտարկումները՝ կենտրոնանալով բարդ խնդիրների լուծման վրա հուզական գիտակցվածության միջոցով։ Երկրորդ մասում, որը վարեց Խայռուլլինան, մասնակիցները գործնական առաջադրանքների միջոցով զարգացրին էմոցիաների ճանաչման ու կառավարման հմտությունները՝ ուղղված արդյունավետ հաղորդակցությանը, թիմային աշխատանքին ու համագործակցությանը։ Օրվա ընթացքում «Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարանի (ԿՄԱԱՀ, Ուկրաինա) դոկտոր Լյուդմիլա Կրիվորուչկան ներկայացրեց կրթության ամբողջական մոտեցումը՝ հաղորդակից դարձնելով Լիբերալ արվեստների եվրոպական ծրագրերում կիրառվող լավագույն փորձին։ Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «անտառային դասախոսություն» և բնության արահետով ճանաչողական քայլարշավ՝ պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինի առաջնորդությամբ, ինչպես նաև ֆիննական ավանդույթներին նվիրված մշակութային ներկայացում Պիետու Կորկալայնենի կողմից։ Օրվա ավարտին մասնակիցներն վայելեցին ավանդական ֆիննական շոգեբաղնիքի փորձառությունը Լապենրանտայի համալսարանի Ռանտասաունայում։
Հունիսի 6-ը նվիրված էր ստեղծագործական մտածողության և խնդիրների լուծման հմտությունների զարգացմանը։ Պրոֆեսոր Չեչուրինի վարած դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան TRIZ մեթոդաբանությանը, որը իրական խնդիրների նորարարական լուծումներ գտնելու համակարգային մոտեցում է։ Դասընթացը, ներառելով ինտերակտիվ քննարկումներ և գործնական վարժություններ, նպատակ ուներ զարգացնել ստեղծագործական մտածողությունը որպես կիրառելի հմտություն։ Այնուհետև «Համակարգային ճարտարագիտության» հետազոտական խումբը ներկայացրեց արհեստական բանականության դերը կրթության մեջ՝ անդրադառնալով ինչպես դրա ներուժին, այնպես էլ վարքականոնի հարցերին։
Վերապատրաստումը եզրափակվեց խմբային քննարկմամբ՝ ամփոփելով շաբաթվա ձեռքբերումները և նախանշելով գործընկեր բուհերում փափուկ հմտությունների մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների ներդրման հաջորդ քայլերը։
Այս վերապատրաստումը կարևոր քայլ էր DeSIRe նախագծի շրջանակներում՝ ուղղված հմտություններով հագեցած, ներառական և համագործակցային բարձրագույն կրթության զարգացմանը։ Լապենրանտայի տեխնոլոգիական համալսարանի կազմած բովանդակային հագեցած ծրագիրը, մասնագիտական բարձր մակարդակի վարումը և ջերմ ու ընդգրկուն մթնոլորտը ստեղծեցին թե՛ մտավոր և թե՛ գործնական առումով արժեքավոր միջավայր։ Մասնակիցներն ավարտեցին վերապատրաստումը՝ համալրված գիտելիքներով, կիրառելի գործիքակազմով և կրթական վերափոխմանն ուղղված ընդհանուր հանձնառությամբ։




