«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը՝ Վանաձորի պետական համալսարանում

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը՝ Վանաձորի պետական համալսարանում

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան էին այցելել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները՝ ոստիկանության պարեկային ծառայության կադրերի և ԱՀՏԱ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Խաժոյանի և պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: 

Պարեկային ծառայության ներկայացուցիչները նախ համալսարանի դահլիճում տեղեկատվական բնույթի հանդիպում ունեցան բուհի ուսանողուհիների հետ, որի նպատակն էր նպաստել կանանց և աղջիկների ներգրավվածության բարձրացմանը՝ վերջիններիս մասնակիցը դարձնելով ոստիկանության բարեփոխման ռազմավարությանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթացի մանրամասները, դիմորդներին ներկայացվող պահանջները, գործընթացի բաղադրիչ փուլերը, աշխատանքի նկարագիրը, ինչպես նաև պետության կողմից տրվող սոցիալական երաշխիքները: Տեղի ունեցավ նաև ակտիվ հարցուպատասխան:

Հանդիպման երկրորդ հատվածում արդեն հյուրերը համալսարանի բակում ներկայացրին ծառայության տեխնիկական կողմը՝ ոստիկանական մեքենաների տեխնիկական հագեցվածությունը, զենքի և այլ պարագաների բնութագրերը:

Նշենք, որ պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթացը կտևի մինչև մայիսի 15-ը:

Previous Article
Next Article