ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՎՊՀ-ի ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
2023-2024 ուստարում Վանաձորի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երեք ուսանողներ ուսումնառություն են ստացել Իսպանիայի և Պորտուգալիայի համալսարաններում: Նրանք կիսվել են եվրոպական կրթության և իրենց անցկացրած առօրյայի մասին, ինչը նրանց կյանքի կարևոր փորձառություններից էր:
Անի Բարսեղյան- «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի, սովորել է Իսպանիայի Մալագայի համալսարանում:
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շնորհիվ ինձ հնարավորություն ընձեռնվեց սովորելու ծովափնյա մի շատ գեղեցիկ ու ճարտարապետական յուրօրինակ ոճ ունեցող Մալագա քաղաքում: Չնայած վիզայի ձեռքբերման հետ կապված դժվարություններին ու ծնողներիցս կյանքում առաջին անգամ հեռու գտնվելու փաստին, ինձ հաջողվեց ի կատար ածել ինքնուրույն որոշումներ կայացնելու, կենցաղս կազմակերպելու և միջազգային միջավայրում կողմնորոշվելու իմ ցանկությունը: Իսպանական այս մեծ բուհում ուսումնառելու փորձը որքան հետաքրքիր էր, նույնքան և անսովոր: Ի տարբերություն ՎՊՀ-ի փոքր խմբերի՝ Մալագայի համալսարանի խմբերը մեծ էին և բաղկացած էին տարբեր տարիքի ուսանողներից: Շփումը խմբի անդամների հետ այնքան էլ անմիջական չէր, քանի որ յուրաքանչյուր դասընթացի հաճախող ուսանողները տարբեր էին: Մալագայի համալսարանի և ՎՊՀ-ի միջև տարբերությունը նաև այն էր, որ այնտեղ ուսանողների դասերին հաճախելը և դասի ընթացքում ակտիվությունը կազմում էր ամբողջ դասընթացի միայն 20 տոկոսը, մնացած 80 տոկոսը կախված էր ավարտական քննության արդյունքից: Ամբողջ կիսամյակի ընթացքում ուսանողները գրեթե չէին գնահատվում, քանի որ ընթացիկ ստուգումների արդյունքները դասընթացի ավարտին էին հրապարակվում: Մալագայի համալսարանում ուսանողներից ավելի շատ ինքնուրունություն ու ժամանակի կառավարման հմտություն էր պահանջվում: Չնայած երկու համալսարանների միջև համակարգային մեծ տարբերություններին, անչափ ուրախ եմ ինձ ընձեռնված այս հնարավորության համար, ինչի շնորհիվ ձեռք բերեցի օտարերկրացի լավ ընկերներ ու ծանոթություններ: