Էրազմուս+ «MEDIA» ծրագիր. ՎՊՀ-ում ամփոփվեց դասընթացների հերթական փուլը

Մարտի 6-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ  Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպված կարճատև դասընթացների երրորդ փուլի ամփոփիչ միջոցառումը։ Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, MEDIA նախագծի տեղական համակարգող, ֆ.մ.գ.թ., դոցենտ Հերմինե Գրիգորյանը․ «Մեզ համար  կարևոր է տեսնել այս ծրագրի գործնական արդյունքներն ու զարգացման հեռանկարները։ ՀՀ բարձրագույն կրթության մասին նոր օրենքը մեզ լայն հնարավորություններ է ընձեռում. արդեն իսկ որոշում է կայացվել մագիստրատուրայի կրթական ծրագրերում ներդնել առցանց ուսուցման հատուկ օրեր։ Բնական գիտությունների ֆակուլտետն ունի նմանատիպ դրական փորձ․ տարիներ շարունակ հանրապետության լավագույն մասնագետներն առցանց ձևաչափով իրենց գիտելիքներն են փոխանցում մեր ուսանողներին։ Սա էապես ընդլայնում է կրթական հորիզոնները և բարձրացնում ուսուցման որակը։ Շնորհակալություն եմ հայտնում թե՛ դասավանդողներին, թե՛ մասնակիցներին այս կարևոր գործընթացում ներգրավվածության համար»։

Հավաստագրերը մասնակիցներին հանձնեցին ծրագրերի դասընթացավարները՝ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մարիյա Բրուտյանը, գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար, կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանը, կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար, օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Վիկտորյա Հարությունյանը։

Previous Article
Next Article