ԵՄ դեսպանի այցը Վանաձորի պետական համալսարան․Եվրոպական միությունը երիտասարդների համար․Եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով հանդիպում-քննարկում

2026 թ․ փետրվարի 20-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնած «ԵՄ-Հայաստան համալսարանական դասախոսությունների շարք» ծրագրի շրջանակում իրականացվող «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ Եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» նախաձեռնության հերթական հանդիպումը։

Հանդիպմանը ներկա էին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, ռեկտորի խորհրդական Գարեգին Քարհանյանը, ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, պատվիրակության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Հանդիպում-քննարկումը մեկնարկեց ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանի ողջույնի խոսքով։ Նա բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների դերը մարզային բուհերի համար՝ ընդգծելով, որ եվրոպական կրթական չափանիշներին ինտեգրվելը և միջազգային համագործակցությունը համալսարանի զարգացման առաջնահերթություններից են։ Շեշտեց նաև, որ նման նախաձեռնությունները միտված են  ուսանողների գիտելիքների ընդլայնմանը և եվրոպական արժեքների շուրջ իրազեկվածության բարձրացմանը:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ երիտասարդական ծրագրերն ուղղված են մասնագիտական առաջընթացին և միջազգային կրթական կապերի ստեղծմանը։

Հանդիպման ընթացքում համալսարանի դասախոսներն ու ուսանողները հնարավորություն ունեցան բաց մթնոլորտում իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ԵՄ դեսպանին,  քննարկելու երիտասարդների ներգրավվածության և ակադեմիական շարժունության հնարավորությունները՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին։

Այնուհետև տեղի ունեցավ գրքերի փոխանակում. դեսպան Վասիլիս Մարագոսը  արժեքավոր գրքեր նվիրեց քննարկման ակտիվ մասնակիցներին: Ի նշան հյուրընկալության և երկկողմ կապերի ամրապնդման՝ ռեկտոր Արմեն Ծատուրյանը դեսպանին նվիրեց «ՎՊՀ» հիմնադրամի նախաձեռնությամբ տպագրված  Հովհ․ Թումանյանի  «Հայոց Լեռներում» բանաստեղծության  բազմալեզու հրատարակությունը։

Previous Article