Դիտարժան փորձեր կենսաբանությունից ՎՊՀ-ում
Բուհ-դպրոց կապերի շրջանակներում դիտարժան փորձերի ձևով կենսաբանության բաց դաս անցկացվեց Վանաձորի թ. 5 ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ:
Դասին կենսաբանության ուսուցչուհի Գայանե Ղազարյանի հետ ներկա էին 10-րդ և 11-րդ դասարանների 16 աշակերտներ: Աշակերտները ծանոթացան կենսաբանության լաբորատոր սարքավորումներին: Քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս, կ.գ.թ. Սերգեյ Զալինյանը և լաբորանտ Անուշ Մուրադյանը ուսումնական ծրագրի շրջանակներում ցուցադրեցին հետաքրքրաշարժ փորձեր ԴՆԹ-ի, սոխուկի բջիջների վերաբերյալ, աշակերտներին հնարավորություն տվեցին ուսումնասիրել Էլոդեա բույսի բջիջները: Աշակերտները հետաքրքրությամբ հետևեցին փորձերի ընթացքին, մշակեցին աշխատանքի կատարման մեթոդիկան, պատասխանեցին իրենց առաջադրված հարցերին:
Կենսաբանության ուսուցչուհի Գայանե Ղազարյանը կարևորեց համալսարանի հետ ձևավորված այս համագործակցությունը և նշեց, որ այն ավելի արդյունավետ կդարձնի հետագա համագործակցությունը:
Նա շնորհակալություն հայտնեց ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին, քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ Արմինե Ղազարյանին սերտ համագործակցության և նման հնարավորություն ընձեռելու համար: