Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ DeSIRe նախագծի ազգային իրազեկման օր (NAD1)

2024 թվականի սեպտեմբերի 27-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում (ՎՊՀ) անցկացվեց Ազգային իրազեկման օր (NAD1)՝ Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ DeSIRe նախագծի շրջանակներում։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնելու փափուկ հմտությունները Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համահունչ դարձնելով դրանք 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին։

Միջոցառումը տեղի ունեցավ գործընկերային և ինտերակտիվ միջավայրում ՎՊՀ-ի SMART CAFFE-ում՝ ընդգծելով նախագծի հիմնական նպատակներն ու ձեռքբերումները։  Միջոցառումը մեկնարկեց ՎՊՀ ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Ռուստամ Սահակյանի ողջույնի խոսքով, ով ընդգծեց փափուկ հմտությունների կարևորությունը ժամանակակից կրթական համակարգում՝ նշելով դրանց անփոխարինելի դերը աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստման գործում։ Այնուհետև  DeSIRe  նախագծի  համակարգող, ՎՊՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց նախագծի նպատակները, աշխատանքնային փաթեթները և ակնկալվող արդյունքները։ Նա ընդգծեց, որ փափուկ հմտությունների զարգացումը մեծապես կնպաստի թե՛ կրթական, թե՛ մասնագիտական ոլորտների կատարելագործմանը Հայաստանում և Վրաստանում։

DeSIRe նախագծի համահամակարգող դոցենտ Գոհար Դոխոլյանը ներկայացրեց նախագծի շրջանակում մշակված կարողությունների զարգացմանը միրտված երկու առցանց դասընթացները՝ «Կրթական տվյալների մշակում» (Educational Data Mining) և

«Զանգվածային բաց առցանց դասընթացների(MOOCs) ստեղծում»:

Այս դասընթացները նպատակ ունեն բարելավելու դասախոսների թվային հմտությունները՝ հնարավորություն տալով նորարարական մեթոդներով զարգացնելու ուսուցման գործընթացը։

Այնուհետև նախագծի ֆինանսական համակարգող Ղուկաս Ղուկասյանը ներկայացրեց փափուկ հմտությունների լաբորատորիայի համար սարքավորումների ձեռքբերման գործընթացը՝ նշելով, որ ժամանակակից սարքավորումների ներդրումն բավականին կարևոր դեր ունի բուհերում ուսումնական և հետազոտական գործընթացի սահուն կազմակերպման հարցում։

Միջոցառման ընթացքում նաև առանձնահատուկ ուշադրության արժանացան ՎՊՀ-ում գործող այլ նախագծեր, որոնք ուղղված են կրթական որակի բարելավմանը՝ ընդլայնելով մասնակից համալսարանների հնարավորությունները և նպաստելով նորարարական կրթական մոտեցումների զարգացմանը։ ՎՊՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ինչպես նաև MEDIA ծրագրի անդամ Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց MEDIA նախագիծը, որը նպատակ ունի բարելավելու առցանց կրթության որակը Հայաստանում և Մոլդովայում։

 Վանանե Միրզոյանը, EMI (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) կենտրոնների արտաքին գնահատման փորձագետը, ներկայացրեց SMARTI նախագիծը, որն ուղղված է անգլերենով ուսուցման մեթոդների, մոտեցումների և գործիքների նորարարական զարգացմանը, ինչը կնպաստի կրթական համակարգի արդյունավետության, կայունության և միջազգային ճանաչման բարձրացմանը։

 Միջոցառման ավարտին անցկացվեց «Փափուկ հմտությունների ներառումը բուհական կրթական ծրագրերում» խորագրով քննարկում, որը վարում էր ՎՊՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը։ Քննարկման բանախոսներն էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, տնտեսագիտության, իրավունքի և կառավարման ամբիոնի ավագ դասախոս Արմինե Գևորգյանը, պատմության ամբիոնի դասախոս Հենրի Մատինյանը և մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Նարե Հովհաննիսյանը։  Քննարկումը, որը տեղի ունեցավ բաց և կառուցողական մթնոլորտում, անդրադարձավ փափուկ հմտությունների զարգացման մարտահրավերներին և հնարավորություններին բարձրագույն կրթության ոլորտում։ Միջոցառումը եզրափակվեց ամփոփիչ խոսքերով և հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի խորությամբ ծանոթանալու նախագծ նպատակներին և իրագործման ռազմավարությանը։

Ազգային իրազեկման օրը նպաստեց գաղափարների փոխանակմանը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը և կրթական բարեփոխումների խթանմանը։

DeSIRe, MEDIA և SMARTI նախագծերի համատեղ նորարարական մոտեցումներով այս նախաձեռնությունը մեծապես կնպաստի   Հայաստանի և Վրաստանի կրթական համակարգերում փափուկ հմտությունների զարգացմանը և աշխատաշուկայի պահանջներին համընթաց շարժվելու ճանապարհին։