ՎՊՀ-ում բացվել է դատական նիստերի նոր դահլիճ

2026 թ․ սեպտեմբերի 4-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ դատական նիստերի դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը։

 Նախկինում որպես լսարան ծառայած տարածքն այժմ վերափոխվել և կահավորվել է «ԱՐԲԱՆԷ» հիմնադրամի համահիմնադիր, իրավաբան, պետական և քաղաքական գործիչ Տարոն Սիմոնյանի նախաձեռնությամբ։

Բացման արարողությանը ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը և Տարոն Սիմոնյանը։

Ռեկտորն ընդգծեց համալսարանի բարերարների և շրջանավարտների աջակցությամբ կրթական միջավայրի շարունակական բարելավման կարևորությունը՝ նշելով, որ ժամանակակից և տեխնիկապես հագեցած պայմանները կարևոր են ուսանողների մասնագիտական զարգացման համար․ «Շատ կարևոր է, որ մեր ուսանողը սովորի տեխնիկապես հագեցած, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Համոզված եմ, որ այս դահլիճը նոր հնարավորություններ կստեղծի մեր ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացման, նախաձեռնողականության և դատական գործընթացների վերաբերյալ գործնական պատկերացումների ձևավորման համար»։

Ա․ Ծատուրյանն իր երախտագիտությունը հայտնեց նախաձեռնության բոլոր աջակիցներին՝ համալսարանի կրթական միջավայրի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

«Այս նախաձեռնությունը հարթակ է ստեղծում մասնագիտական քննարկումների, շփումների և համագործակցության համար։ Դահլիճում հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն ներքին դատախաղեր, այլև միջբուհական ու հանրապետական ծրագրեր»,- նշեց Հրայր Պապոյանը։

Տարոն Սիմոնյանն ուսանողներին հորդորեց իրենց մասնագիտական ճանապարհին առաջնորդվել արդարության ձգտմամբ․ «Հանուն արդարության պայքարը մեկ հարվածով հաղթանակի հասնելը չէ, այլ դժվարությունների հանդիպելիս չհիասթափվելը և ավելի ուժեղ անհատականություն կերտելը»։

Նորաբաց դահլիճը հնարավորություն կտա ուսանողներին տեսական գիտելիքները համադրելու գործնականի հետ, մասնակցել դատական գործընթացների մոդելավորման և զարգացնել մասնագիտական հմտությունները։ Այն ապագա իրավագետների համար կդառնա հետաքրքիր, գործնական և ոգեշնչող ուսումնական միջավայր։

Previous Article