Վանաձորի պետական համալսարանի դասախոսների շարժունությունը արտասահմանյան համալսարաններում
Erasmus+ KA171 ծրագրի շրջանակներում միջբուհական համագործակցության արդյունքում Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոսներ Մարիաննա Էնֆենջյանը և Գայանե Մատինյանը հնարավորություն ունեցան 2025թ․ մայիսի 5-ից 9-ը դասավանդելու Իսպանիայի Գրանադայի և Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարաններում։
Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Գայանե Մատինյանը 8 ժամ դասավանդել է Իսպանիայի Գրանադայի համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետում, որտեղ դասախոսություններ է ակցկացրել՝ «Ներկապակցումը և հարակցումը գրավոր խոսքում» թեմայով։
Ֆակուլտետի պրոֆեսորների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է հետագա համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։ Գայանե Մատինյանը հանդիպել է Գրանադայի համալսարանում սովորող հայ ուսանողներին, այդ թվում՝ մեր համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Էլեն Ստեփանյանին։ Մատինյանը շրջել է համալսարանի մասնաշենքերում և գրադարանում, այցելել միջազգային հարաբերությունների գրասենյակ, որտեղ ծանոթացել է պրոֆեսոր Էսթեր Սանտիագոյի հետ և քննարկել այցելության նպատակներն ու արդյունքները։
Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Մարիաննա Էնֆենջյանը 4 ժամ դասավանդել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի լեհական և դասական բանասիրության ֆակուլտետում։ Դասավանդել է հիմնականում միջազգային ուսանողների՝ Չինաստանից, Վիետնամից, Պորտուգալիայից և այլ երկրներից։
Դասախոսությունները նվիրված էին երկու հիմնական թեմայի՝ «Արհեստական բանականության վրա հիմնված լեզուների ուսուցում․ անգլերենի՝ որպես օտար լեզվի (EFL) կրթության ապագան» և «Մշակութային փոխանակում լեզվի միջոցով․ անգլերենի` որպես օտար լեզվի (EFL) դերը համայնքները միավորելու գործում»: Դասընթացների ընթացքում ուսանողները ծանոթացել են նորարարական մոտեցումներին՝ օգտագործելով արհեստական բանականության գործիքներ և միջմշակութային հաղորդակցման մեթոդներ։
Վանաձորի պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս, ի․գ․թ․ դոցենտ Քրիստինե Ղազարյանը մայիսի 12-ից 16-ը մեկնել է Իսպանիայի Մալագայի համալսարան՝ 8 ժամ դասավանդելու իրավաբանության ֆակուլտետում։
Դասախոսության թեմաները նախապես համաձայնեցված են եղել «Կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ» դասընթացը վարող դասախոսի՝ Լուսիա Արագուեզի հետ։ Դասախոսության թեմաներն ընտրվել էին դասավանդվող դասընթացի թեմատիկայից.
- Սոցիալական գործընկերություն
- Կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ
- Կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր: Կոլեկտիվ աշխատանքային վեճեր
Կոլեկտիվ աշխատանքային վեճերի լուծման ընթացակարգը: Գործադուլը որպես կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման միջոց:
- Հավասարակշռությունն աշխատանքի և կյանքի միջև: Ճկուն աշխատաժամանակի իրավակարգավորման առանձնահատկություններն աշխարհում և դրա տեսակները:
Դասախոսությունն ամփոփվել է Հայաստանի Հանրապետության և Վանաձորի պետական համալսարանի վերաբերյալ ցուցադրության ներկայացմամբ, ինչի արդյունքում ուսանողների և հատկապես դասավանդող դասախոսի մոտ ցանկություն առաջացավ փոխանակման ծրագրով այցելելու Հայաստան և հատկապես Վանաձորի պետական համալսարան:
Դասավանդումից բացի, հանդիպում էր կազմակերպվել Միջազգային հարաբերությունների և կապերի բաժնի ղեկավարի և Իրավաբանության ֆակուլտետի դեկանի հետ։
Ինչպես նշում են շարժունությանը մասնակցած դասախոսները՝ այս փորձառությունը նպաստեց ոչ միայն մասնագիտական զարգացմանը, այլ նաև հնարավորություն տվեց համատեղելի մոտեցումների փոխանակման և ապագա համագործակցության։








