Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում Գոհար Դոխոլյանի այցը Մոլդովա
Ս/թ մայիսի 16-ից 20-ը միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ, Էրազմուս+ CONNECT նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանըգործուղվել էր Մոլդովա՝ մասնակցելու նախագծի համակարգման ժողովին և Ժան Մոնե Գործողությունների EUShare նախագծի շրջանակներում կազմակերպված գիտաժողովին, որտեղ ներկայացել է «Համալսարան-ձեռներեցություն կապի և ձեռներեցային հմտությունների խթանումը Հայաստանի բուհական համայնքում» խորագիրը կրող զեկույցով։ Զեկուցած նյութն արժանացավ հավանության և լույս կտեսնի նախագծի շրջանակներում հրատարակվող հոդվածների ժողովածուում:
Էրազմուս+ CONNECT նախագծի հիմնական նպատակն է համալսարաններում ամրապնդել ուսանողների և աշխատակիցների ձեռներեցային հմտությունները՝ հնարավորինս մրցունակ դարձնելու շրջանավարտներին և զարկ տալու հետաքրքիր, նորարարական գաղափարների հղացմանը ( http://connecterasmus.com/ )։
Մասնակիցներն այցելեցին Մոլդովայի պետական համալսարան, Մոլդովայի պետական տեխնիկական համալսարան, Երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիա և Բելցիի Ալեկու Ռուսսոյի անվան պետական համալսարան։ Նշված համալսարաններում եվրոպական երկների և ամերիկյան ծրագրերի բավականին մեծ ներդրումների արդյունքում յուրաքանչյուր բուհին կից հիմնադրվել են առանձին կենտրոններ, որտեղ ժամանակակից դիզայնի և կահավորանքի շնորհիվ բարենպաստ միջավայր է ստեղծվում նորարարական գաղափարներով հետաքրքրվող երիտասարդների համար։
Նախագծի նպատակներին հասնելու համար արևելյան գործընկերության երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի որոշ բուհերում արդեն հիմնադրվել են և դեռևս հիմնադրվելու են ձեռներեցության և նորարարության զարգացման կենտրոններ (SMART CAFFE), որտեղ կիրականացվեն ձեռներեցությանը վերաբերող բազում սեմինարներ, խորհրդատվություններ, հանդիպումներ գործատուների հետ, ուսանողներին կտրամադրվի տարածք՝ ստեղծելու իրենց բիզնեսի համար գովազդային տեսահոլովակներ և նյութեր։