Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ բուհ-գործատու քննարկում

2025 թ․ հուլիսի 3-ին Վանաձորի  Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ քննարկում գործատու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։                                                                                                                         

  Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի  պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։  Նա նշեց, որ  բուհը  ձգտում  է պատրաստելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրեր և այս հանդիպումը կազմակերպվել է ՝ որպես հնարավորություն՝ ուղիղ շփման միջոցով լսելու  գործատուներին, նրանց առաջարկներն ու նկատառումները։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյանը ներկայացրեց բուհ-գործատու համագործակցության ամրապնդման առանցքային խնդիրները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ հարցերին․

  • բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի ուսանողների մասնագիտական պրակտիկայի արդյունավետ կազմակերպման, հանրային և մասնավոր կառույցներում նրանց ինտեգրման հնարավորությունները,
  • համագործակցության հեռանկարները և շարունակական մասնագիտական գործունեության իրականացման  ուղիները,
  • աշխատաշուկայի դինամիկ պահանջների և համալսարանական կրթական ծրագրերի բովանդակության և արդյունքների համադրման մեխանիզմները։

Ներկաներին ողջունեց նաև գիտական աշխատնքների գծով պրոռեկտոր Վ․ Հովսեփյանը՝ ներկայացնելով գործատուների հետ հետազոտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

  Հանդիպման ընթացքում մասնակիցները կարծիքներ հայտնեցին բուհի և աշխատաշուկայի համագործակցության ուղիների ամրապնդման վերաբերյալ, ներկայացվեցին  նաև պրակտիկայի կազմակերպման հետ կապված խնդիրները։

Հանդիպումը նպաստեց բուհ-գործատու երկխոսության խորացմանը՝ հնարավորություն ստեղծելով վերհանելու համագործակցության առկա խնդիրներն ու բացերը, ինչպես նաև համատեղ քննարկելու դրանց հաղթահարման ուղղություններն ու բարելավման հնարավորությունները։ Կողմերը կարևորեցին ուսանողների գործնական հմտությունների զարգացումը՝  շեշտադրելով գործատուների ակտիվ ներգրավվածությունը կրթական գործընթացում։ Այս համատեքստում առանձնացվեցին նաև մի շարք գործնական առաջարկներ՝ ուղղված մասնագիտական փորձառությունների համակարգված կազմակերպմանը, գործատուների կողմից կազմակերպվող վերապատրաստումների, թեմատիկ դասախոսությունների, սեմինարների  և հետազոտական նախագծերի իրականացմանը, ինչպես նաև՝ շրջանավարտների աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը նպաստող քայլերի մշակմանը:

Previous Article
Next Article