Բուհ-Դպրոց կապ
ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ԿԱՊԵՐ
Բուհ-դպրոց կապերի աշխատանքները համալսարանում իրականացվում են 2005թ.-ից: 2014թ.-ից դրանք ներառվել են համագործակցության և կապերի բաժին, ներկայումս կարգաբերվում են գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնում:
Բուհ-դպրոց կապերի գործունեության ոլորտներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ են իրականացնում Լոռու մարզի դպրոցականների շրջանում` նյութեր և տեղեկություններ տրամադրելով համալսարանական կյանքի և կրթական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, մասնագիտությունների և արտերկրում ուսանելու հնարավորությունների մասին: Բուհ-դպրոց կապերի աշխատանքները բխում են համալսարանի ռազմավարական առաջնահերթ նպատակներից և պլանավորվում ու իրականացվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: Համագործակցությունը իրականացվում է Վանաձորի, Գուգարքի և Տաշիրի տարածաշրջանների, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու հանրակրթական դպրոցների, վարժարանների և քոլեջների հետ: Համագործակցության շրջանակներում իրականացվող ուսումնադաստիարակչական, մշակութային և այլ միջոցառումները կազմակերպվում են համալսարանի բոլոր ստորաբաժանումների համատեղ աշխատանքի միջոցով:
Կարևորագույն աշխատանքներից են յուրաքանչյուր տարի կազմակերպվող ընդունելության քննությունների նախապատրաստական անվճար դասընթացները, դպրոցականների առարկայական օլիմպիադաները, ստեղծագործական ընդունակությունների բացահայտման և մասնագիտության ճիշտ ընտրության նպատակով պարբերաբար կազմակերպվող շարադրությունների և լուսանկարչական աշխատանքների մրցույթները, հայկական, ռուսական, արտասահմանյան պոեզիայի ասմունքի մրցույթները, մասնագիտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով` նաև ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվող սեմինարները, կլոր սեղանները: Անցկացվում են նաև «Ֆակուլտետային օրեր», «Մասնագիտությունների տոնավաճառ», բաց դռների օր՝ ծնողների և դիմորդների համար, բաց դասեր, դիտարժան փորձերի ցուցադրում, վարպետության դասեր, աշակերտների մասնագիտական կողմնորոշման այցեր, վիկտորինաներ, գիտելիքների ստուգում և այլն: