Բարեկենդանի, Տյառնընդառաջի և սիրո տոների միասնական խորհուրդը՝ Վանաձորի պետական համալսարանի հարկի ներքո
Վանաձորի պետական համալսարանում փետրվարյան տոները վերածվեցին իսկական հանդիսության՝ մեկ հարկի տակ միավորելով ազգային ավանդույթներն ու սիրո լուսավոր խորհուրդը։
Վաղ առավոտից համալսարանի մշակույթի կենտրոնի և ուսանողական խորհրդի անդամները դիմավորում էին դասախոսներին և ուսանողներին՝ շնորհավորանքներով ու խորհրդանշական անակնկալներով։
Համալսարանի բակում միասնական տոնախմբությամբ նշվեցին Բարեկենդանը և Տյառնընդառաջը։
Բուն Բարեկենդանի տոնի առթիվ ֆակուլտետների ուսանողները պատրաստել էին տոնական յուրահատուկ սեղաններ, իսկ Տյառնընդառաջի ավանդական խարույկի շուրջ համախմբվել էին մասնակիցները՝ բռնելով միասնական շուրջպարը։
Սիրո տոնին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ համալսարանի մեծ դահլիճում։
Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը, ռեկտորի խորհրդական, մ․ գ․ թ․ Գարեգին Քարհանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողներ։
Մշակութային հարուստ ծրագրով հանդես եկան համալսարանի «Ադելաս» պարային համույթը, կիթառահարների խումբը, «Բիայնա» երգչախումբը և տաղանդաշատ ուսանողներ, ինչպես նաև իր պատվավոր մասնակցությունն ունեցավ Վանաձորի Պոեզիայի թատրոնի հիմնադիր, Մովսես Խորենացի մեդալակիր Ջիվան Սարգսյանը։
Սիրո թեմային ուղղված հետաքրքիր անդրադարձ կատարվեց տեսանյութի միջոցով, որտեղ դասախոսները ներկայացրել էին իրենց մասնագիտական մտորումները սիրո մասին, որից հետո ելույթ ունեցավ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ․ գ․ թ Գայանե Պապյանը՝ գրականության լույսի ներքո վերհանելով սիրո վեհ խորհուրդը։
Հատուկ հետաքրքրություն առաջացրեց նաև ավանդական դարձած սիրո անանուն խոստովանությունների ընթերցումը։
Միջոցառման ավարտին ռեկտոր Արմեն Ծատուրյանը պատվոգրեր հանձնեց Բուն Բարեկենդանի ավանդական սեղանները պատրաստած ֆակուկտետներին։









