Ազդարարման արշավի կանգառը Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում
Նոյեմբերի 6-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի SMART Caffe-ում ուսանողները մասնակցեցին «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրով ուսուցմանը, որը վարում էին իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և թվային հարցերով ավագ փորձագետ Արմեն Փարսադանյանը։ Ազդարարումն ուղղված է կոռուպցիոն բնույթի դեպքերը բացահայտելուն, կոռուպցիայի կանխարգելմանը և նվազեցմանը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը: Հայաստանում գործարկված ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն կոռուպցիոն հանցագործության մասին իրենց ունեցած տեղեկությունները ներկայացնել առցանց։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ուսանողներին ներկայացրեց ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, հարթակից օգտվելու կանոնները։ Թվային հարցերով ավագ փորձագետ Արմեն Փարսադանյանն էլ ներկայացրեց ինչպես ազդարարել անանուն եղանակով և ինչպես պաշտպանել սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն։
Նյութի ներկայացումից հետո ուսանողները կատարեցին գործնական աշխատանք, բաժանվելով խմբերի։ Նրանց տրվեց 2 ենթադրյալ իրավիճակ և հանձնարարություն՝ որոշել, թե յուրաքանչյուրի դեպքում ազդարարման որ տեսակներն են կիրառելի։