Վանաձորի պետական համալսարանն ունի արխիվի նորացված տարածք
Վանաձորի պետական համալսարանը ևս մեկ կարևոր ձեռքբերում ունի: Շահագործման հանձնվեց արխիվի համար հատկացված նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխան տարածք:
Արխիվային փաստաթղթերի պահպանման համար տրամադրված տարածքը վերանորոգված և ընդարձակ լինելուց զատ՝ զինված է ժամանակակից գույքով, դարակաշարերով, փաստաթղթերի պահպանման համար անհրաժեշտ օպտիմալ լուսավորությամբ և ջերմությամբ: Առանձնահատուկ կարևորություն ունի հակահրդեհային համակարգի առկայությունը:
Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանի խոսքով՝ առաջիկայում աշխատանքների համակարգման համար ներդրվելու է նաև Վանաձորի պետական համալսարանի՝ սեփական ուժերով մշակված արխիվի տեղեկատվական համակարգ: