Աղետների ռիսկի կառավարմանն ուղղված միջոցառում՝ Վանաձորի պետական համալսարանում
2026 թվականի մարտի 17-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) միջոցառում։
Միջոցառմանը ներկա էին ՎՊՀ ղեկավարությունը, ՎՊՀ հիմնադրամի և քոլեջի ուսանողներն ու աշխատակիցները, Վանաձորի պետական բժշկական քոլեջի ղեկավարությունը, ուսանողներն ու աշխատակիցները, ինչպես նաև ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ԱՌԿ պատրաստվածության պատասխանատու, քարտուղար, ՎՊՀ անվտանգության ճարտարագետ-շինանար Մարինե Սիրադեղյանը։ Նա ներկայացրեց միջոցառման ծրագրի առանցքային ուղղությունները, ինչպես նաև կարևորեց ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի պետական բժշկական քոլեջի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կրելու է շարունակական բնույթ՝ նպաստելու ուսումնական հաստատությունների պատրաստվածության բարձրացմանը արտակարգ իրավիճակներում։ Ամփոփելով ելույթը՝ բանախոսը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու գործընկերներին ակտիվ ներգրավվածության և համագործակցության համար։
Միջոցառումն իրականացվեց 2025-2028 թթ․ համար մշակված Աղետների ռիսկի կառավարման պլանի Հավելված 3-ի (Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցի) որոշ դրույթների համաձայն՝ նպատակ ունենալով բարձրացնելու ուսանողների և աշխատակազմի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների դեպքերում։
Ծրագրի ընթացքում ներկայացվեցին՝
✔առաջին օգնության ցուցաբերման հմտությունները,
✔տուժածի վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման գործընթացը,
✔առաջին հոգեբանական աջակցության կազմակերպումը,
✔արտակարգ իրավիճակներում տարհանման պլանների վերաբերյալ ցուցումներ և ուղղորդումներ։
Առաջին օգնության դասընթացները վարեցին Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողներն ու մասնագետները` հանձին Կ․ Ղուկասյանի, իսկ առաջին հոգեբանական աջակցության վերաբերյալ ներկայացմամբ հանդես եկավ ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Նունե Հովսեփյանը։
ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները (ՓԾ փոխգնդապետ Հ․ Սահակյան, ՓԾ լեյտենանտ Մ․ Թունյան) ներկայացրին արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների հերթականությունը և տարհանման կազմակերպման սկզբունքները։
Միջոցառման ավարտին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը շնորհակալագրեր հանձնեց մասնակիցներին և գործընկեր կառույցների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար։









