Հասարակական գիտությունների ֆակուլտետի «առաջին ծիծեռնակները» ձեռնադրվեցին որպես մագիստրոս
Ապրիլի 3-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում որպես մագիստրոս ձեռնադրվեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգի 1.5 տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագրի առաջին շրջանավարտները: Ավարտական դիպլոմներ ստացան «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության հինգ, «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության յոթ ուսանող, որից երեքը համալսարանն ավարտեցին գերազանցությամբ:
Շրջանավարտներին ողջունեցին և շնորհավորեցին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը, արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը:
Նրանք իրենց ելույթներում շեշտեցին, որ մագիստրոսական կրթության 1.5 տարի տևողությամբ կրթական ծրագիրը ոչ միայն ոչնչով չի զիջում 2 տարի տևողությամբ կրթական ծրագրին, այլև ուսանողների տեսանկյունից առավել գրավիչ ու հեռանկարային է: Նրանք հույս հայտնեցին, որ շնորհված դիպլոմները կծառայեն իրենց նպատակին և Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն աշխատաշուկայում:
Շնորհավորում ենք հասարակական գիտությունների ֆակուլտետի մագիստրոսներին և մաղթում բարի երթ՝ անձնական ու աշխատանքային ոլորտներում: