Վանաձորի կերպարվեստի թանգարանում կայացավ Վանաձորի պետական համալսարանի  2024-2025 ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումը

   Հուլիսի 9-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում հանդիսավորությամբ նշվեց   արդեն ավանդական դարձած «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2024-2025 ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումը։

 Օրը  խորհրդանշական էր․ լրացավ նաև Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի՝ այժմյան համալսարանի հիմնադրման 56-ամյակը։

  Քառյակ-երաժիշտների, «Ադելաս»  պարային համույթի, «Բիայնա» երգչախմբի կատարումները տոնական շնչով էին լցրել նշանակալից օրը։

Միջոցառումը վարեց արձակագիր, դրամատուրգ, արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլֆիք Զոհրաբյանը։

  Հանդիսության սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և համալսարանի հիմներով, որին հաջորդեց Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախմբի ելույթը՝ պրոֆեսոր Սերգեյ Հարությունյանի ղեկավարմամբ։

  Ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ռ․ Սահակյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական ողջ անձնակազմին՝ ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ու կարևոր ձեռքբերումների համար և ընդգծեց, որ  բոլորի ջանքերն ու ձգտումները հանուն ուսանողի են՝ կրկին անգամ բարձրաձայնելով՝ Վանաձորի պետական համալսարանի հերոսը ուսանողն է։

   Այնուհետև ցուցադրվեց տեսանյութ, որում ամփոփվեց 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում բուհում իրականացված աշխատանքները, հաջողություններն ու ձեռքբերումները։

   Հաջորդիվ  Ռ․ Սահակյանը  շնորհակալագրեր հանձնեց համալսարանի  և ՎՊՀ քոլեջի  դասախոսներին, հենակետային վարժարանի ուսուցիչներին, վարչական և վարչա-տնտեսական աշխատակիցներին՝ ուսումնական տարվա ընթացքում  կատարած աշխատանքի, կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման  և համալսարանի անունը բարձր պահելու համար։

 Միջոցառումը  գեղեցիկ կատարմամբ եզրափակեց Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս»  պարային համույթը։

 Շնորհավորում ենք բոլորին՝ արդյունավետ աշխատանքի, մասնագիտական նվաճումների և  հաջողություններով լի հերթական տարվա կապակցությամբ։

Previous Article
Next Article