Մրցունակ ինքնակենսագրականի (CV) բանաձևը»․ հանդիպում ՎՊՀ ուսանողների հետ
Հոկտեմբերի 29-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ «Մրցունակ ինքնակենսագրականի (CV) բանաձևը» խորագրով հանդիպում՝ ՎՏԲ Վանաձորի մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Արտուշ Օհանյանի մասնակցությամբ։ Հանդիպումը կազմակերպվել էր ՎՊՀ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով զարգացնել ուսանողների կարիերայի պլանավորման հմտությունները և աջակցել նրանց՝ աշխատաշուկային պատրաստված ու մրցունակ ներկայանալու գործում։
Ինչպե՞ս կազմել ինքնակենսագրական, որն առաջին իսկ հայացքից կգրավի գործատուի ուշադրությունը։ Ի՞նչ տեղեկություններ ներառել, ինչպե՞ս ընդգծել սեփական ուժեղ կողմերը և ինչպե՞ս ներկայացնել հմտությունները, երբ աշխատանքային փորձը դեռևս սահմանափակ է։ Հանդիպման ընթացքում Արտուշ Օհանյանն անդրադարձավ այս հարցերին՝ ներկայացնելով ինքնակենսագրական կազմելու կարևոր առանձնահատկություններն ու գործնական խորհուրդները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ինքնակենսագրականի (CV) բովանդակությանը, տեղեկությունների հստակ և գրագետ ներկայացմանը, կրթության, հմտությունների ու ձեռքբերումների ճիշտ ընդգծմանը։ Քննարկվեց նաև այն հարցը, թե ինչպես ինքնակենսագրականը դարձնել ոչ թե պարզապես փաստերի թվարկում, այլ սեփական կարողություններն ու մասնագիտական ներուժը ներկայացնելու արդյունավետ միջոց։
Կիսվելով իր անձնական փորձով և մասնագիտական անցած ճանապարհով՝ Արտուշ Օհանյանը ուսանողներին ներկայացրեց նաև աշխատանքի որոնման և մասնագիտական առաջընթացի վերաբերյալ իր դիտարկումները։ Խոսվեց աշխատանքի հարցազրույցին ներկայանալու և գործատուի հետ հաղորդակցվելու մասին՝ կարևորելով ինքնակենսագրականի և հարցազրույցի ընթացքում սեփական առավելությունները ճիշտ ներկայացնելու կարողությունը։
Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին՝ մասնագիտական գործունեության, աշխատանքի հնարավորությունների և աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ։ Ակտիվ քննարկումը հանդիպումը վերածեց փորձի փոխանակման հարթակի՝ ուսանողներին հնարավորություն տալով ստանալու իրենց հետաքրքրող հարցերի գործնական պատասխանները։






