ՎՊՀ-ի աշխատակից Գոհար Դոխոլյանը մասնակցել է Գյոթեի ինստիտուտի կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստմանը
Ս․թ․ օգոստոսի 3-ից 14-ը Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Գոհար Դոխոլյանն անցել է մասնագիտական վերապատրաստում Գերմանիայի Մյունխեն քաղքում։
«Բազմազանության ուսումնասիրությունն ու դրա կիրառումը դասավանդման գործընթացում» խորագրով վերապատրաստումը նախատեսված էր գերմաներեն դասավանդող մասնագետների համար, ինչը չափազանց արժեքավոր և հարստացնող փորձառություն էր՝ ինչպես մանկավարժության, այնպես էլ Գերմանիայի մշակութային և հասարակական կյանքի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման առումով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչպես կարելի է մշակութային և երկրագիտական տեղեկատվությունն արդյունավետ կերպով ինտեգրել դասապրոցեսում, ինչպես հավաքագրել և կիրառել իրական կյանքից վերցված ուսումնական նյութեր, ինչպես նաև արհեստական բանականության օգնությամբ մշակել բազմազան առաջադրանքներ։
Ծրագիրը ներառում էր նաև բազմաթիվ թանգարանների այցելություններ, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի լավ ճանաչելու գերմանական մշակույթն ու արվեստը։
Վերադարձից հետո մասնակիցները պետք է դասավանդման ընթացքում փորձարկեն ձեռք բերած մեթոդները, ապա առցանց զեկույցների միջոցով կիսվեն փորձով ու արդյունքներով։
Գոհար Դոխոլյանը հատկապես կարևորում է ձեռք բերած գիտելիքներն ու փորձը փոխանցելը իր գործընկերներին։ Այդ նպատակով նախատեսում է Լոռու մարզի գերմաներենի ուսուցիչների համար կազմակերպել վերապատրաստման դասընթաց և նրանց հետ կիսվել ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքներով, գաղափարներով և գործնական փորձով։




