ՎՊՀ-ում անցկացված աշխատաժողովը նպաստեց գիտակրթական համագործակցության ընդլայնմանը և ուսանողների ակտիվ ներգրավմանը

2026 թվականի հունիսի 12–13-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացվեց «Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ․ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը գլոբալ վերադասավորումների պայմաններում» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (FES) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ մարզային բուհերի հետ իրականացվող գործընկերային ծրագրի շրջանակում։

Աշխատաժողովը համախմբեց ոլորտի առաջատար գիտնականների, փորձագետների և դասախոսների, որոնք ներկայացրին տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումներին, անվտանգության մարտահրավերներին և նոր աշխարհակարգի ձևավորմանը վերաբերող զեկույցներ։ Միջոցառման շրջանակում կազմակերպվեց նաև ինտերակտիվ սիմուլյացիոն խաղ, որը հնարավորություն տվեց մասնակիցներին զարգացնելու միջազգային հարաբերությունների վերլուծության և որոշումների կայացման գործնական հմտությունները։

Աշխատաժողովի կարևոր ձեռքբերումներից էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, որը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, ակադեմիական գիտելիքի տարածման և մարզային բուհերի հետ գիտակրթական համագործակցության խորացման համար։

Միջոցառումը կարևոր և շատ ուսանելի էր Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ տարածաշրջանի պատմության և արդիականության շատ հիմնախնդիրների գիտական քննարկումներին մասնակցության, մասնագիտական կապերի ընդլայնման, գիտական հետազոտությունների տեսական և մեթոդաբանական կարողությունների զարգացման առումներով։ Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունեցավ նաև ուսանողների համար, որոնք հնարավորություն ունեցան անմիջականորեն մասնակցելու բարձր մակարդակի ակադեմիական քննարկումներին, հաղորդակցվելու ոլորտի ճանաչված մասնագետների հետ և ծանոթանալու ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացների գիտական վերլուծություններին։

Նման նախաձեռնությունները նպաստում են ուսանողների մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը, քննադատական մտածողության զարգացմանը, հետազոտական հետաքրքրությունների ձևավորմանը և նրանց ակտիվ ներգրավմանը գիտական կյանքում՝ միաժամանակ ամրապնդելով համալսարանի դերը որպես գիտելիքի, համագործակցության և նորարարական գաղափարների կարևոր հարթակ։

Previous Article
Next Article