Սլովակիայի և Բուլղարիայի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների այցը Վանաձորի պետական համալսարան
2026 թ․ հունիսի 9-ին Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Սլովակիայի Բրատիսլավայի էկոնոմիկայի և բիզնեսի համալսարանի հետազոտողներ, միջազգային համագործակցության պատասխանատու Մայքլ Ավգուստինին և հետազոտող Մարտին Կարասին, ասպիրանտ Ռոստիսլավ Կարակաշին, Բուլղարիայի Սոֆիայի ազգային և համաշխարհային էկոնոմիկայի համալսարանի հետազոտող Պասկալ Ժելևին։ Պատվիրակության կազմում էր նաև Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համակարգող Ռոման Կարապետյանը։
Այցի շրջանակում հյուրերը հանդիպում ունեցան ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի, միջազգայնացման գծով ռեկտորի խորհրդական Լուսիկ Վարդանյանի, միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանի, միջազգային հարաբերությունների, դրամաշնորհների խթանման մասնագետ Անժելա Տեր-Մովսիսյանի, երեք ֆակուլտետների դեկանների, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհերի միջև համագործակցության հեռանկարներն ու միջազգային կրթական փորձի փոխանակման հնարավորությունները:
Կայացած հանդիպումներից ու քննարկումներից հետո արտասահմանյան գործընկերները շրջեցին համալսարանի տարածքում և այցելեցին ՎՊՀ-ի լաբորատորիաները և գրադարանը: Հյուրերը մասնավորապես տպավորված էին գրադարանի հնատիպ և հազվագյուտ գրքերի պահոցով։






