Մասնագիտական կողմնորոշում և ինքնաճանաչում. Վանաձորի թիվ 6 դպրոցի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան
Ապրիլի 14-ին Վանաձորի պետական համալսարան այցելեցին Վանաձորի թիվ 6 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ հոգեբան Նուարդ Մադոյանի ուղեկցությամբ։
Այցը կրում էր հոգեբանական-ճանաչողական բնույթ, որի նպատակն էր օգնել պատանիներին ավելի լավ ճանաչել սեփական անձն ու կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Մազմանյանը հոգեբանական ախտորոշման թեստերի միջոցով վերհանեց աշակերտների թաքնված ձգտումներն ու հակումները, ինչպես նաև անհատական նախասիրություններն ու հետաքրքրությունները գործունեության տարբեր ոլորտների նկատմամբ։
Հանդիպումն ընթացավ աշխույժ երկխոսության մթնոլորտում: Աշակերտները մասնակցեցին թեստավորմանը և հոգեբանությանն առնչվող հարցերի շուրջ ակտիվ քննարկումներ ունեցան:
Դպրոց-բուհ կապի ամրապնդմանն ուղղված այս այցերը կրելու են շարունակական բնույթ՝ ուղղորդելու պատանիներին ապագա մասնագիտության ընտրության հարցում:



