Հանդիպում-քննարկում Erasmus+ և DAAD միջազգային կրթական ծրագրերի շրջանակում
Մարտի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում միջազգային կրեդիտային շարժունության մասնակիցների և DAAD-ի (գերմանական ակադեմիական փոխանակման գործակալություն) կողմից առաջարկվող ամառային դասընթացներին մասնակցած կրթաթոշակակիրների հետ։
Հանդիպումը կազմակերպվել էր համալսարանի միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ։
Հանդիպման ընթացքում բանախոսեցին Erasmus+ շարժունության ծրագրի մասնակիցները՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Միլենա Վեքիլյանը, Անի Պետրոսյանը, Արմինե Հովհաննիսյանը (Սլովենիա, Մարիբորի համալսարան) և Նառա Միքայելյանը (Իսպանիա, Մալագայի համալսարան)։ Նրանք ներկայացրին ծրագրերին մասնակցելու ընթացքում ունեցած փորձառությունը, խոսեցին հանդիպած դժվարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք չեն խոչընդոտել գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը։ Մասնակիցները հորդորեցին մյուս ուսանողներին ևս ակտիվորեն ներգրավվել նմանատիպ ծրագրերում՝ կարևորելով միջազգային կրթական միջավայրում ձեռք բերվող փորձը։
DAAD-ի գերմաներենի ամառային դասընթացների և մագիստրոսական կրթաթոշակների վերաբերյալ իրենց փորձառությամբ կիսվեցին կրթաթոշակակիրներ՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Բարսեղյանը, ով մեկ ամիս Դյուսելդորֆի համալսարանում (Գերմանիա) մասնակցել է գերմաներենի դասընթացի, և նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Մխիթարյանը, ով այս տարվա կրթաթոշակակիր է և նախատեսում է մասնակցել Գերմանիայում անցկացվող գերմաներենի մեկամսյա ամառային դասընթացին։ Նրանք մանրամասն ներկայացրին դիմելու գործընթացը և նախքան մեկնումը իրականացվող նախապատրաստական փուլերը։
Հանդիպման ավարտին կենտրոնի մասնագետ Անժելա Տեր-Մովսիսյանը ներկայացրեց Erasmus+ MIND նախագծին դիմելու պայմանները՝ ուսանողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն ծրագրին մասնակցելու համար։




