Հանդիպում արվեստագետ Փափագ Ալոյանի հետ
Մարտի 10-ին ՎՊՀ գրադարանում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում ՀՀ նկարիչների միության անդամ, նկարիչ, քանդակագործ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Փափագ Ալոյանի հետ։ Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռետկոր Արմեն Ծատուրյանը, դասախոսներ, ուսանողներ, աշխատակիցներ։
Միջոցառումը մեկնարկեց համալսարանի «Բիայնա» երգչախմբի երաժշտական կատարումով։
Փ․ Ալոյանի հետ հարցազրույցը վարեց ՎՊՀ քոլեջի ուսանողուհի Մանե Սոֆյանը։ Արվեստագետը խոսեց իր ստեղծագործական ճանապարհի, նկարչության հանդեպ իր առաջին հետաքրքրության և արվեստի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին՝ մեջբերելով իր կյանքին ու գործունեությանն առնչվող հետաքրքիր դրվագներ։
Միջոցառման ընթացքում տեսաշարով ցուցադրվեցին արվեստագետի ստեղծագործությունները։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու նաև Փափագ Ալոյանի բանաստեղծություններից մի քանիսը։ Անդրադարձ կատարվեց արվեստի և գրականության փոխկապակցվածությանը։ Փ․ Ալոյանը գրադարանին նվիրեց իր հեղինակած բանաստեղծությունների ժողովածուն։
Հանդիպմանը անակնկալ էին պատրաստել «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողները. նրանք նկարչական տարբեր տեխնիկաներով նկարեցին և արվեստագետին նվիրեցին վերջինիս դիմանկարը։
2026 թ․ լրանալու է Փափագ Ալոյանի 75-ամյակը։ Այդ առթիվ համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանի կողմից արվեստագետին տրվեց շնորհավորագիր։
Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը՝ ընդգծելով, որ գրադարանը նաև ստեղծագործ մտքերի հանդիպման վայր է։ Նա շնորհակալություն հայտնեց Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանին և արվեստի և սպորտի ամբիոնին գրադարանի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև Փափագ Ալոյանին՝ հետաքրքիր և ոգեշնչող հանդիպման համար։








