ՎՊՀ-ում կայացավ հանդիպում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Մարտի 6-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման առանցքում ավարտական և նախաավարտական կուրսերի ուսանողներին կրթական ոլորտում մասնագիտական զարգացման նոր հեռանկարներ ներկայացնելն էր։
Միջոցառմանը բանախոսեց շրջանավարտների հավաքագրման ղեկավար (Graduate Recruitment Manager) Արշակ Պողոսյանը։ Նա մանրամասն ներկայացրեց ուսուցչական առաջնորդության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին իրենց փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի մարզային դպրոցների զարգացման գործում, առաջարկվող ուղղությունները, հիմնադրամի տարբեր թիմերում աշխատանքի, ինչպես նաև կարիերայի այլ ուղիների հնարավորությունները։
Ա․ Պողոսյանը նշեց, որ Վանաձորի պետական համալսարանը հիմնադրամի կայուն գործընկերներից է։ Նա կարևորեց կազմակերպության մեծ վստահությունը բուհի նկատմամբ՝ շեշտելով, որ ՎՊՀ-ն տարիներ շարունակ պատրաստում է որակյալ մասնագետներ, որոնք հետագայում դառնում են ծրագրի հուսալի գործընկերները և հաջողությամբ իրականացնում իրենց առաքելությունը։
Ուսանողների ուշադրությունը հրավիրվեց նաև հայտերի ընդունման գործընթացին։ Սա կարևոր հնարավորություն է ապագա մանկավարժների և տարբեր մասնագիտացումներ ունեցող ուսանողների համար կարիերայի մեկնարկը համայնքային զարգացմանը միտված գործունեությամբ սկսելու համար։
Վանաձորի պետական համալսարանը կարևորում է նմանատիպ համագործակցությունները, որոնք նպաստում են ուսանողների մասնագիտական ինքնադրսևորմանը և ամրապնդում կապը կրթական հաստատության ու գործատու կազմակերպությունների միջև։






