Վանաձորի պետական համալսարանի աշխատակցի այցը Ավեյրոյի (Պորտուգալիա) համալսարան
Erasmus+ MIND ICM24 ծրագրի շրջանակում, որը համակարգվում է Պորտուի համալսարանի կողմից, հոկտեմբերի 24-31-ը փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով Ավեյրոյի համալսարան (Պորտուգալիա) էր այցելել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը։
Հյուրընկալող համալսարանում կազմակերպվել է բազմաշերտ և բովանդակալից վերապատրաստման շաբաթ, որի ընթացքում անցկացվել են հանդիպումներ, թեմատիկ աշխատաժողովներ և քննարկումներ։
Առաջին օրը տեղի է ունեցել հանդիպում միջազգային գրասենյակի ղեկավար Սոֆիա Բրուքմանի և նույն գրասենյակի աշխատակից Ֆիլիպա Նետոյի հետ, քննարկվել են այցի նպատակներն ու ակնկալվող արդյունքները։
Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է Վանաձորի պետական համալսարանը, խոսել Էրազմուս+ շարժունության ծրագրերի, գործընկեր համալսարանների հետ իրականացվող նախաձեռնությունների և ներկայում գործող միջազգային ծրագրերի մասին։ Մասնավորապես նա անդրադարձել է «Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ DeSIRe» ծրագրին, որը համակարգում է ՎՊՀ-ն՝ օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Erasmus+ կարողությունների զարգացման DeSIRe եռամյա նախագիծը միտված է Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Ճկուն հմտությունների զարգացմանը 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ։ Ներկայացվել է նաև «Էրազմուս+ Հիմնական գործողություն 2, ԿԶԲԿ – MEDIA» նախագիծը՝ ուղղված Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդմանը։
Հաջորդ աշխատանքային օրերի ընթացում Մարիո Ֆերնանդեսի և Ֆիլիպա Նետոյի ուղեկցությամբ կատարվել է շրջայց՝ համալսարանի կառուցվածքի, կրթական ծրագրերի, հնարավորությունների և ակտիվ ուսանողական առօրյայի ներկայացմամբ։
Այցելության շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ համալսարանի շարժունության ծրագրերում ընդգրկված պատասխանատուների՝ Սյուզանա Դուարտեյի, Սիլվիա Բաստանոսի, Մագնո Ֆոնսեկայի, Անաբելա Մանսուի, Զիտա Մորգադուի, Սոֆիյա Սոուզայի, Միգել Օլիվեյրայի հետ, որոնք համակարգում են ներգնա և արտագնա ուսանողների, պդ կազմի և վարչական աշխատակիցների շարժունությունը:
Հանդիպում և շրջայց է կազմակերպվել «Գիտությունների գործարան»՝ Կարմեն Մարկեշի ուղեկցությամբ:
Այցելության եզրափակիչ օրը Ա. Հարությունյանը կրկին հանդիպել է միջազգային կապերի բաժնի ղեկավար Սոֆիա Բրուքմանի հետ։ Զրույցի ընթացքում շեշտվել է երկու բուհերի հետագա համագործակցության խորացումը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ուսանողների հետազոտական ներուժի զարգացումը, փորձի փոխանակման կարևորությունը և ուսանողակենտրոն մոտեցումների կիրառումը։ Կարևորվել է փոխայցելությունների արդյունավետությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը։
Այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կհանդիսանան ապագա համատեղ նախաձեռնությունների, գիտակրթական փոխանակման ծրագրերի և ինստիտուցիոնալ համագործակցության հզորացման համար։
Ծրագրով նախատեսված այցերի ընթացքում Ա. Հարությունյանը ծանոթացել է համալսարանի գրադարանին, ուսումնամարզական շենքերին, համալսարանական առօրյային և գիտությունների գործարանին։
Ինչպես նշում է շարժունությանը մասնակցած աշխատակիցը, այս փորձառությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական աճին, այլև ստեղծում է ամուր գործընկերային կապեր, խթանում նորարարական գաղափարների փոխանակումը և ձևավորում ապագա արդյունավետ համագործակցության կայուն հիմքեր։






