Վանաձորի պետական համալսարանում նշվեց ուսանողության միջազգային օրը

2025 թ․ նոյեմբերի 17-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում  նշվեց Ուսանողության միջազգային օրը։

Վաղ առավոտից համալսարանում ուսանողներին դիմավորում էին մշակույթի կենտրոնի և ուսանողական խորհրդի անդամները, շնորհավորում  և  նվիրում խորհրդանշական նվերներ ու քաղցրավենիք՝  փոխանցելով ուրախ ու տոնական տրամադրություն։

Միջոցառման շրջանակներում  իրականացվեց նաև վիճակահանություն և յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական կուրս հնարավորություն ստացավ մեկօրյա հանգիստ անցկացնելու համալսարանի հանգրվանում։

Տոնական միջոցառումը շարունակվեց համալսարանի դահլիճում։ Մեկնարկն ազդարարվեց  Հայաստանի Հանրապետության և Վանաձորի պետական համալսարանի օրհներգերով։

Ուսանողության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով ելույթ ունեցան Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Արմեն Ծատուրյանը և հումանիտար  գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիյա Բրուտյանը։

Մեր տաղանդավոր երաժիշտների ուղեկցությամբ ելույթ ունեցան համալսարանի «Ադելաս» պարային համույթը և  կիթառի խմբակի շնորհալի ուսանողները։

Համալսարանի ակտիվ և ստեղծարար ուսանողները ցուցադրեցին փոքրիկ պատմություն-ներկայացում Վանաձորի պետական համալսարանի և արտասահմանյան համալսարանների ուսանողական կյանքի մասին՝  կիսվելով արտերկրյա ուսումնառության ընթացքում ստացած  իրենց տպավորություններով։

Միջոցառման մրցութային հատվածում անցկացվեց «Գուշակիր մեղեդին» խաղ-մրցույթը։ Ուսանողների և դասախոսների միջև ընթացող պայքարն էլ ավելի աշխուժացրեց տոնական մթնոլորտը։

Օրը եզրափակվեց տոնական հյուրասիրությամբ։

Սիրելի՛ ուսանողներ, կրկին անգամ շնորհավորում ենք ձեզ և մաղթում՝ նորանոր նվաճումներ ու հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։

Previous Article
Next Article