Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչների այցը Սլովենիայի Մարիբորի համալսարան

    2025թ․ հոկտեմբերի 13-17-ը  Erasmus+ ծրագրի շրջանակներում միջբուհական համագործակցության արդյունքում վարչական աշխատակիցների  վերապատրաստման և պրոֆեսորադասախոսական անձնակազմի դասավանդան նպատակով Վանաձորի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիյա Բրուտյանը և համալսարանի իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Ղազարյանը մեկնել են Սլովենիայի Մարիբորի համալսարան։

  Շարժունության ընթացքում նրանք  հանդիպել են   Մարիբորի համալսարանի մի շարք աշխատակիցների, մասնավորապես՝ միջազգային  հարաբերությունների բաժնի ղեկավար Ուրոս Քլայնի և նույն բաժնի համակարգող Ալենկա Մարուսիչի հետ,  քննարկել են երկու համալսարանների միջև համագործակցության զարգացման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Ինչպես նշում է Մարիյա Բրուտյանը․  «Մարիբորի համալսարանը շարժունության ծրագրերի շրջանակներում պատրաստակամ է շարունակելու մեզ հետ հետագա համագործակցությունը»։

  Իրավագիտության ֆակուլտետի դեկանի և միջազգային ծրագրերով զբաղվող Սյուզանա  Կրալյիչի, Կոկո Մարիուսի, արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և դեկանի՝ միջազգայնացման գծով տեղակալի հետ հանդիպումների   շրջանակներում  գործընկերների միջև կազմակերպվել է փորձի փոխանակում, որի ընթացքում իրականացվել են  քննարկումներ՝ միջազգայնացման, հետազոտության  բնագավառում իրենց փորձառության, ուսումնական պլաններում մասնագիտական դասընթացների կշռի, պրակտիկաներին հատկացված կրեդիտների, պրակտիկաների վայրի ընտրության, բնույթի, հետազոտական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերի շուրջ։                     

  Շարժունության ընթացքում մեր բուհի պատվիրակությունը աշխատանքներ է կատարել ՎՊՀ գործընկեր համալսարանների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ։

 Վանաձորի պետական համալսարանի իրավաբան, ի․գ․թ․, դոցենտ Քրիստինե Ղազարյանը Մարիբորի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում 8 ժամ  դասավանդել է՝  «Ներածությունը Հայասանի Հանրապետության աշխատանքի իրավունքի վերաբերյալ»,  «Անհատական աշխատանքային վեճեր։ Դրանց լուծման ընթացակարգերը ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակներում», «Կոլեկտիվ աշխատանքային վեճեր։ Դրանց լուծման ընթացակարգերը ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակներում», «Դեպքեր ներպետական պրակտիկայից» թեմաներով։   

Նշենք նաև, որ Իրավագիտության ֆակուլտետում Ք․ Ղազարյանի հետ քննարկվել է առանձին   դասընթաց մշակելու և ներդնելու հնարավորությունը։   Այցի ընթացքում Մ․ Բրուտյանը և Ք․ Ղազարյանը կատարել են նաև շրջայց համալսարանում՝ ծանոթանալով դասախոսական սենյակների, դատական ​​դահլիճի, դիպլոմային աշխատանքների սենյակի, վարչական ստորաբաժանումների,նախագծային գրասենյակի աշխատանքներին, ինչպես նաև այցելել են Իրավագիտության ֆակուլտետի Միրկո Լիշիչի անվան գրադարան, որտեղ գրադարանի վարիչ Նատալյա Օրեշեկը և գրադարանավար Զեյկա Բոգդանովիչը ներկայացրել են գրադարանը և գրադարանային համակարգը։

  Ամփոփիչ հանդիպման ընթացքում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները քննարկել են ապագա հնարավոր համագործակցությունը՝ դասավանդման, վերապատրաստման, ուսանողական ծրագրերի, գիտական հետազոտությունների և հրապարակումների ոլորտներում և կիսվել այցից ու փորձի փոխանակումից ստացած փոխադարձ կարծիքներով։

Previous Article
Next Article