Կարողությունների զարգացման վերջին առդեմ վերապատրաստումը Արվեստի, Դիզայնի և Տեխնոլոգիայի ինստիտուտում (IADT) (Իռլանդիա)
Կարողությունների զարգացման վերջին առդեմ վերապատրաստումը Արվեստի, Դիզայնի և Տեխնոլոգիայի ինստիտուտում (IADT) (Իռլանդիա)
📌 DeSIRe նախագծի շրջանակում վերջին առդեմ վերապատրաստումը հաջողությամբ իրականացվեց 2025 թվականի հոկտեմբերի 6-10-ը՝ Իռլանդիայի Արվեստի, Դիզայնի և Տեխնոլոգիայի ինստիտուտում (IADT)։
Այս դասընթացը ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի վերջին փուլն էր և կենտրոնացած էր 5-րդ մոդուլի՝ «Ստեղծարար մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ», ինչպես նաև MOOC 1-ի («Արդյունավետ գործարար հաղորդակցման և բանակցությունների հմտություններ»), MOOC 4-ի («Կոնֆլիկտների լուծման հմտություններ») և MOOC 5-ի («Հուզական և սոցիալական ինտելեկտ») վրա։
Միջոցառումը մեկշաբաթյա ինտենսիվ ուսուցման, համագործակցային վերլուծության և ռազմավարական քննարկումների ձևաչափով միավորեց հայ, վրացի և եվրոպական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ծրագրի արդյունքների շարունակականությունն ապահովելու նպատակով։
Դասընթացը պաշտոնապես բացվեց հոկտեմբերի 6-ին՝ IADT-ի Բիզնեսի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ղեկավար դոկտոր Օդրի Սթենսոնի ողջույնի խոսքով։ Նա կարևորեց ստեղծարարության, դիզայն մտածողության և ռեֆլեկտիվ պրակտիկայի դերը՝ որպես հիմնական բաղադրիչներ բարձրագույն կրթության համակարգում փափուկ հմտությունների ուսուցման գործում։
Այնուհետև ծրագրի կոնսորցիումի համակարգող՝ պրոֆեսոր Լուսիկ Վարդանյանը, հանդես եկավ ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով IADT-ին դասընթացը հյուրընկալելու համար և ընդգծելով ծրագրի այս վերջին փուլի նշանակությունը՝ ձեռք բերված արդյունքներն ապագա կայունության նպատակների հետ կապելու առումով։
IADT-ի հետազոտող Լաուրա Սթիմը ներկայացրեց դասընթացի շաբաթական ծրագիրը և վարեց «Սառույց-կոտրուկ»-ներ՝ հիմնված վերապատրաստման չորս հիմնական թեմաների վրա՝ ապահովելով հետաքրքիր և ներգրավող մեկնարկ։
Հոկտեմբերի 7-ին Քեյթ Քենինգը ներկայացրեց իրական գործնական դեպքի ուսումնասիրություն՝ ներառելով 5-րդ մոդուլը և MOOC 1, 4 և 5 դասընթացները։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի և մշակեցին սեփական դերախաղային (role-play) սցենարներ՝ համադրելով դասընթացի հիմնական թեմաները։ Այս վարժությունը հնարավորություն տվեց կիրառել տեսական գիտելիքները գործնական իրավիճակներում՝ խթանելով համագործակցությունը և ստեղծարար մտածողությունը։
Դասընթացը շարունակվեց հոկտեմբերի 8-ին՝ IADT-ի թիմի՝ Լաուրա Սթիմի, Լինդա Ռայանի, Ջուստինա Դոհերթիի և Ֆիլիպ Փեննիի մենթորությամբ։ Մասնակիցները բաց քննարկումների և խմբային աշխատանքի միջոցով կատարելագործեցին իրենց դերախաղերի գաղափարները՝ աշխատելով Քարնեգի գրադարանում։ Բացի այդ, նրանք փորձեցին Bodyswaps հավելվածի միջոցով փափուկ հմտությունների ուսուցման ինտերակտիվ մոդուլ՝ ապահովելով ժամանակակից և ներգրավող մոտեցում ուսուցման գործընթացում։
Հոկտեմբերի 9-ին խմբերը ներկայացրին իրենց դերախաղերի սցենարները։ Ներկայացումներից հետո մենթորներն ու մասնակիցները մասնակցեցին համատեղ քննարկումների և հետադարձ կապի նիստերի՝ վերլուծելով ուժեղ կողմերը և առաջարկելով բարելավման ուղիներ։ Այդ օրը նաև ելույթ ունեցավ Դրեզդենի Տեխնիկական Համալսարանի թատրոնի տնօրեն Մարկ Լալոնդը՝ ներկայացնելով բեմադրության համար անհրաժեշտ փափուկ հմտությունները։ Այս ներկայացումը ևս մեկ անգամ ընդգծեց ստեղծարարության, հաղորդակցության և թիմային աշխատանքի դերը՝ խթանելով մասնակիցների հմտությունների զարգացման գործընթացը։
Դասընթացը եզրափակվեց հոկտեմբերի 10-ին՝ ինստիտուտի տարածքում շրջայցով և գործընկերների համակարգման նիստի հանդիպմամբ։ Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, գնահատեցին շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքը, նշեցին ուժեղ կողմերն ու բարելավման հնարավորությունները և ներկայացրին առաջարկներ ապագա վերապատրաստումների համար։ Քննարկվեց նաև DeSIRe ծրագրի դաշինքի ընդլայնման և արդյունքների շարունակականության ապահովման ռազմավարությունը։
Այս վերջին առկա դասընթացը հաջողությամբ միավորեց բոլոր գործընկեր կազմակերպություններին մեկ շաբաթվա ընթացքում՝ ակտիվ ուսուցման, համագործակցության և փոխադարձ վերլուծության մթնոլորտում։ Գործնական դեպքերի ուսումնասիրությունները, ինտերակտիվ ուսուցման գործիքները, խմբային դերախաղերը և հետադարձ կապի քննարկումները ստեղծեցին համապարփակ և ներգրավող միջավայր՝ փափուկ հմտությունների ուսուցման մակարդակը բարձրացնելու համար։
Միջոցառումը եզրափակվեց ծրագրի կայունության և գործընկերության ընդլայնման վերաբերյալ խոստումնալից քննարկումներով, որոնք երաշխավորում են, որ DeSIRe ծրագրի արդյունքները շարունակելու են դրական ազդեցություն ունենալ մասնակից կառույցների գործունեության վրա։
✔ DeSIRe ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։



