Գրադարանավարի օրը Վանաձորի պետական համալսարանում
Գրադարանավարի օրվան ընդառաջ՝ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ տոնական ցերեկույթ։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ համալսարանի գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը․ «Գրադարանները ոչ միայն գրքերի պահոց են, այլև գիտելիքի և մտքի հարմարավետ տարածք, որտեղ ձևավորվում են նոր գաղափարներ ու արժեքներ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու գրադարանների նշանակությունը և շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր պահպանելով անցյալի ժառանգությունը՝ ծառայում են ապագային»։ Գ․ Գաբոյանն արժևորեց գրադարանի աշխատակիցների դերն այսօր, ընդգծելով, որ արդի դարաշրջանում գրադարանավարները տեղեկատվության մասնագետներ ու յուրօրինակ մենթորներ են։
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը շնորհավորեց գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ։ Կարևորելով գրադարանի դերը բուհի կյանքում նա նշեց․ «Գրադարանը ոչ միայն գիտելիքի պահպանման, այլ նաև դրա տարածման վայրն է, իսկ գրադարանավարներն իրենց պատասխանատու գործունեությամբ ապահովում են ուղիղ կապը գիտելիքի և ընթերցողի միջև»։
Ցերեկույթը շարունակվեց «Գրադարանավարը՝ բանախոս» խորագրով միջոցառմամբ։ Լոռու մարզային գրադարանի գրադարանավար, մեր բուհի շրջանավարտ Նարինե Ադամյանը հանդես եկավ բանախոսությամբ՝ «Գրադարանների դերը մեդիագրագիտության զարգացման գործում» թեմայով։ Վերջինիս կազմակերպած մեդիախաղին ուսանողներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։
Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր տրվեցին 2024-2025 ուսումնական տարվա ակտիվ և պարտաճանաչ ընթերցողներին՝ պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Յուրիկ Ղուլյանին, հայոց լեզու և գրականություն մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Գեղեցիկ Մելիքջանյանին և հանրային կառավարում մասնագիտության երկրորդ կուրսի մագիստրանտ Ռուզաննա Թավադյանին։
Տեղեկացնենք, որ օրվա խորհրդին համահունչ՝ գրադարանում կազմակերպվել է 2024-2025 ուսումնական տարում ձեռք բերված մասնագիտական նոր գրքերի՝ «Գիտության նոր էջեր» խորագրով ցուցադրությունը։






