«Մասնագիտությունների տոնավաճառ» Վանաձորի պետական համալսարանում

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում սեպտեմբերի 25-ին կայացավ արդեն ավանդական դարձած «Մասնագիտությունների տոնավաճառ» ամենամյա միջոցառումը:

 Միջոցառումը կազմակերպվել էր համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի կողմից և մեկ հարկի տակ համախմբել ինչպես բուհի  մասնագիտությունները ներկայացնող դասախոսներին և ուսանողներին, այնպես էլ Վանաձորի ու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի 9-12-րդ դասարանների բազմաթիվ դպրոցականների և քոլեջի ուսանողների։

Միջոցառումը հնարավորություն է տալիս դպրոցականներին  ծանոթանալու ակադեմիական միջավայրին, մասնակցելու դիտարժան փորձերին և վիկտորինաներին և ի վերջո, իմանալու ավելին իրենց հետաքրքրող մասնագիտությունների մասին։

Նման նախաձեռնությունը կարևոր դեր է խաղում դպրոցականների մասնագիտական կողմնորոշման, հետաքրքրությունների բացահայտման գործընթացում, նպաստում  է  բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը ՝ միաժամանակ խթանելով համալսարանի բաց ու համագործակցային մշակույթը։

 Տոնավաճառի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ  Հրայր Պապոյանը։

 Երաժշտական կատարումներով  տոնական մթնոլորտ ստեղծեցին համալսարանի ուսանողուհիներ Աստղիկ Պողոսյանը և Մարիամ Վարդանյանը։ Դպրոցականներին ողջունեցին նաև Վանաձորի սպորտ-դպրոցի սաները։

 Համալսարանի  մասնագիտությունները ներկայացված էին առանձին տաղավարներով, ցուցադրական նյութերով և անհրաժեշտ պարագաներով։ Շրջելով մասնագիտությունների տաղավարներով` աշակերտները ծանոթացան համալսարանի տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին և ընդունելության կարգին։

Previous Article
Next Article