Վանաձորի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Հոգեբանական աջակցության կենտրոն
Սեպտեմբերի 19-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում տեղի ունեցավ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի Հոգեբանական աջակցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռ․ Սահակյանը, պրոռեկտորներ Վ․ Հովսեփյանը, Հ․ Կոստանդյանը, գիտական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։
Ռեկտորի պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը ողջունեց ներկաներին և կարևորեց համալսարանում հոգեբանական աջակցության կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ սա համալսարանի հերթական կարևոր քայլերից է՝ ուսանողների և աշխատակազմի համար հարմարավետ, վստահելի և հոգատար միջավայր ստեղծելու համար։
Հասարակական գիտությունների դեկան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Պապոյանը ողջունեց հոգեբանական աջակցության կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը համալսարանական միջավայրի բարելավման գործում։ Նա նշեց, որ այսուհետ համալսարանում կգործի ուսումնական գործընթացից առանձնացված կենտրոն, որտեղ փորձառու մասնագետները հոգեբանական ծառայություն կտրամադրեն հոգեբանական աջակցության կարիք ունեցող ուսանողներին և բուհի աշխատակիցներին։
Ելույթ ունեցավ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը․ «Բուհական համակարգում հոգեբանական խորհրդատվության ինստիտուտը ծառայում է ուսանողակենտրոն կրթական քաղաքականության իրականացմանը: Նմանատիպ ծառայությունները ապահովում են ուսումնական գործունեության բարոյահոգեբանական ու կառուցողական միջավայրը։ Նորաբաց կենտրոնի առաքելությունն է օգնել ուսանողներին և հաստատության աշխատակիցներին պահպանել հոգեբանական առողջությունը, հաղթահարել կենսական դժվարություններով պայմանավորված անձնական խնդիրները: Հոգեբանական խորհրդատվության աշխատանքներին ներգրավված են լինելու մանկավարժության և հոգեբանության ամբիոնի մասնագետներ, ովքեր բազմամյա փորձառություն ունեն հոգեբանական աջակցության գործում։ Հոգեբանական աջակցության կենտրոնը լինելու է բուհի ակտիվ զարգացող և հեռանկարային օղակներից մեկը»։
Ըստ հոգեբանական աջակցության կենտրոնի համակարգող, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․,գ․,թ․ Մարիաննա Մազմանյանի՝ հոգեբանական աջակցության կենտրոնի հիմնական նպատակը Վանաձորի պետական համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի հոգեբանական ուղեկցությունն է: Կենտրոնի գործունեությունը նախատեսված է համալսարանի ուսանողության ու աշխատակազմի համար։ Այն ենթադրում է բուհի զարգացնող և աջակցող կրթական միջավայրը էլ ավելի բարելավելուն միտված տարատեսակ մասնագիտական միջոցառումների իրականացում: Նախատեսվում են կրթական բնույթի աշխատանքներ ուսանողների հոգեբանական գրագիտության բարձրացման, ուսումնական սթրեսների կանխարգելման, անձնային աճի և մասնագիտական զարգացմանը նպաստելու նպատակով, ինչպես նաև անհատական կամ խմբային խորհրդատվություններ հոգեբանական դժվարին իրավիճակներում հայտված անձանց: Կենտրոնում ընդունելությունն իրականացնելու են որակյալ հոգեբանական ծառայությունների մատուցման երկարամյա փորձ ունեցող մասնագետներ, որոնք վայելում են ուսանողների հարգանքը և վստահությունը: Իսկ աշխատանքների կազմակերպման մանրամասները կլուսաբանվեն հայտարարություններում:





