Հայ տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանի ցուցահանդեսը Վանաձորի պետական համալսարանում

Սեպտեմբերի 17-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ հայ տառաստեղծ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Էդիկ Ղաբուզյանի ցուցահանդեսը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։                                                 

Նա իր ելույթում  Էդիկ Ղաբուզյանին անվանեց հայկական տառարվեստի լեգենդ՝ շեշտելով․ «Ցուցահանդեսը կազմակերպվել է, որպեսզի երիտասարդ սերունդը ճանաչի մեր համաքաղաքացի, մեր կողքին ապրող ու  ստեղծագործող գիտնականին»։

Ելույթներ  ունեցան նաև Վարդգես Քեշիշյանը և Էդիկ Ղաբուզյանը։ Այնուհետև միջոցառման շրջանակում Է․ Ղաբուզյանը տառարվեստի մասին հետաքրքիր դասախոսություն անցկացրեց  համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության կուրսերում։

  Էդիկ Ղաբուզյանը  նախագծել ու մշակել է ավելի քան 300 հայկական տառատեսակ։ Հեղինակել է «Հայկական համակարգչային տառատեսակներ» ալբոմը։ Հիմնել է  «Գրանշան» ոչ լատիներեն տառատեսակների ամենամյա մրցույթը։ Նրա ստեղծած  ՂԷԱ Մարիամ  և  ՂԷԱ Գրապալատ  տառատեսակները Հայաստանի կառավարության  սեպտեմբերի 24-ի որոշմամբ  ընդունվել են որպես Հայաստանում պաշտոնական գրագրության պարտադիր տառատեսակներ՝ ներկայացված 4 ոճով։

Այսօրվա ցուցահանդեսը կարևոր առիթ դարձավ արժևորելու ազգային տառարվեստի ավանդույթները, ինչպես նաև  ոգեշնչեց  երիտասարդ սերնդին՝ ճանաչելու և գնահատելու ժամանակակից հայ տառաստեղծության մեծ վարպետի ստեղծագործական ուղին։

Previous Article
Next Article