30 տարի անց՝ հանդիպում հարազատ բուհում
2025թ․ սեպտմբերի 20-ին՝ բուհն ավարտելու 30-ամյակի առթիվ, «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ այցելեցին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 1995թ․ Պատմություն և Իրավագիտություն մասնագիտության շրջանավարտները։
Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանի և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարիամ Լոռեցյանի ուղեկցությամբ շրջանավարտները շրջեցին համալսարանում։ Այցելեցին գրադարան, մեդիալաբ, պատմության ամբիոն, ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններ՝ ծանոթանալով բուհի ներկայիս պայմաններին ու հնարավորություններին։
Հանդիպումը շարունակվեց համալսարանի Smart Caffe-ում, որտեղ հյուրերը իրականացրին այցի հաջորդ նպատակը: Արմեն Մատինյանը և Գառնիկ Մազմանյանը իրենց համակուրսեցի «Արսեն Հարությունյանի» անվան ամենամյա կրթաթոշակներ տրամադրեցին «Պատմություն» և «Իրավագիտություն» բաժինների լավագույն 4 ուսանողներին, ինչպես նաև նվերներ հանձնեցին պատմության ամբիոնին։
Ռ․ Սահակյանը համալսարանի անունից շրջանավարտներին նվիրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ տպագրված Հովհ․ Թումանյանի «Հայոց Լեռներում» բանաստեղծության հրատարակությունը:
Ելույթների ընթացքում Ա․ Մատինյանը շնորհակալություն հայտնեց բուհին՝ ջերմ ընդունելության, իսկ Ռ․ Սահակյանը՝ համալսարանի հետ կապը մշտապես պահելու և աջակցություն ցուցաբերելու համար։
Շնորհակալ ենք ձեր անկեղծ ներկայության, պատրաստակամության և նվիրումի համար։






