Կարողությունների զարգացման առդեմ վերապատրաստում Գրանադայի համալսարանում (Իսպանիա)

2024 թվականի հոկտեմբերի 21-25-ը Իսպանիայի Գրանադայի համալսարանը հյուրընկալեց Էրազմուս+ կարողությունների զարգացման DeSIRe նախագծի շրջանակներում նախատեսված վերապատրաստման դասընթացի մասնակիցներին ու կազմակերպիչներին: Դասընթացի նպատակն էր զարգացնել հմտություններ երեք հիմնական ոլորտներում՝ մեդիա և թվային գրագիտություն, հավասարություն, բազմազանություն և ներառականություն, ինչպես նաև ձեռնարկատիրական հմտություններ: Այնուհետև նախագծի 15 գործընկեր հաստատությունների մասնակիցները ներգրավվեցին անդրադարձ մտածողությանը նվիրված քննարկումներին, ինչպես նաև  ուսումնասիրեցին զանգվածային առցանց բաց դասընթացների (MOOCs) մշակման մեթոդներ` ձեռք բերելով գործնական հմտություններ, որոնք կիրառելի են ինչպես ակադեմիական միջավայրում, այնպես էլ իրական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման համար:

Հոկտեմբերի 21-ի միջոցառումը մեկնարկեց ողջույնի խոսքերով, որին մասնակցում էին Գրանադայի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ինմակուլադա Մարերո Ռոշան և միջազգային նախագծերի և ցանցերի ղեկավար տիկին Իրենե Պեդրեյրա Ռոմերոն։ Նրանք ոգևորությամբ արտահայտեցին իրենց ողջույնի խոսքը համագործակցության առնչությամբ` մասնակիցներին մաղթելով արդյունավետ վերապատրաստման շաբաթ։  DeSIRe նախագծի համակարգող, ՎՊՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը կարևորեց ծրագրի առաքելությունը՝ զարգացնելու գործնական հմտություններ, որոնք ուսանողներին կդարձնեն գործուն մտածողներ և հարմարվող սովորողներ։ Նա իր  երախտագիտությունն արտահայտեց Գրանադայի համալսարանի ղեկավարությանը միջոցառման հյուրընկալության համար՝ շեշտելով միջմշակութային երկխոսության կարևորությունը և ծրագրի ներուժը՝ կրթության ոլորտում իրական փոփոխություններ ներշնչելու համար։ Էրազմուս+ DeSIRe նախագծի կոնտակտային անձ, դոկտոր Իգնասիո Խոսե Բլանկո Մեդինան նույնպես կարևորեց այս դիտարկումները՝ նշելով նախաձեռնության համագործակցային ոգին և դրա կարևորությունը մասնակիցների միջև գործընկերությունը խթանելու առումով։

Դասընթացները կենտրոնացած էին հավասարության, բազմազանության և ներառականության (EDI) թեմաների վրա, որոնք վարում էին Գրանադայի համալսարանի դասավանդողներ Մարիա Անխելես Մարտինեսը, Նուրիա Բեռնադես Ռոդրիգեսը և Մարիա Ֆերնանդես Կաբեսասը։ Այս հանդիպումներում շեշտադրվեց ներառական և հանդուրժողական միջավայրեր ստեղծելու անհրաժեշտությունը, իսկ դասախոսներին խրախուսվեց միավորել EDI սկզբունքները իրենց ուսումնական ծրագրերում՝ ապահովելով հավասարության և բազմազանության արժևորման միջավայր։

Հոկտեմբերի 22-ի վերապատրաստումը նվիրված էր մեդիա և թվային գրագիտության մոդուլին, որը վարում էին առցանց ուսուցման բաժնի ղեկավար Վանեսա Գամիսը և համակարգչային գիտությունների և արհեստական բանականության բաժնի դոկտոր Իգնասիո Խոսե Բլանկոն։ Նրանք անդրադարձան անհրաժեշտ հմտություններին, որոնք ուսանողներին կօգնեն կիրառելու և քննադատորեն գնահատելու թվային տվյալները: Վերապատրաստման ավարտին մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու Գրանադայի համալսարանի պատմական վայրերին՝ արվեստի պատմության բաժնի մասնագետ Դավիթ Մարտինի ուղեկցությամբ։

Հոկտեմբերի 23-ը նվիրված էր ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ մասնակիցներին ծանոթացնելով այնպիսի գործուն մտածելակերպի հետ, որը դուրս է գալիս ավանդական գործարարության շրջանակներից։ Գրանադայի համալսարանի ձեռնարկատիրության վարչության ներկայացուցիչ Աննա Ռոդրիգեսը և BREAKER ձեռնարկատիրական կենտրոնի ներկայացուցիչները դասընթացներ անցկացրին՝ ասելիքը կենտրոնացնելով նախաձեռնող մտածելակերպի, խնդիրների լուծման և ճկունության վրա։ Աննա Ռոդրիգեսի անցկացրած աշխատաժողովի ընթացքում ներկաները մասնակցեցին այնպիսի գործողությունների, որոնք խրախուսում էին ձեռնարկատիրական մոտեցում՝ շեշտելով հարմարվողականությունն ու նորարարությունը` որպես ապագային պատրաստ լնելու կրթության կարևոր բաղադրիչներ։ Այս մոդուլը խրախուսեց դասախոսներին` դաստիարակելու ուսանողներին այնպես, որ նրանք կարողանան ոչ միայն հաղթահարել ակնթարթային խնդիրներ, այլև կարողանան ստեղծել հնարավորություններ՝ հարմարվելով փոփոխական միջավայրին։

Հոկտեմբերի 24-ի դասընթացների ընթացքում շեշտադրվեց հռետորական մտածողության և գնահատողական հմտությունների կարևորությունը։ Դասընթացները ղեկավարում էին Դիեգո Պաբլո Ռուիզը և դոկտոր Իգնասիո (Նաչո) Խոսե Բլանկոն։ Նրանք խրախուսեցին դասախոսներին ուսանողների մմեջ զարգացնել անդրադարձ հմտություն՝ օգնելով նրանց հասկանալու իրենց ուսուցման արդյունքները, մտածելու քննադատաբար և շարունակաբար բարելավելու իրենց կարողությունները։ Վերապատրաստումներից հետո տեղի ունեցավ համակարգման հանդիպում, որը վարեց համակարգող Լուսիկ Վարդանյանը, և քննարկվեցին կարևոր առաջադրանքներն ու առաջիկա անելիքները։ Ուրվագծվեցին 2024-2025 թվականների ընթացքում իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունները` ներառյալ ներգրավված կողմերի մասնակցությամբ վերապատրաստման փաթեթի մշակումը, որը կիրականացվի Հայաստանի և Վրաստանի համալսարաններում։

Վերջին օրը նվիրված էր առցանց բաց դասընթացներին (MOOC), որոնց ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին առցանց դասընթացներ ստեղծելու ռազմավարությունը, որը նպատակ ունեն ապահովելու հասանելի և ներգրավող ուսուցման փորձը։ Դասընթացները վարում էին Գրանադայի համալսարանի թվային ռեսուրսների արտադրության կենտրոնի (CEPRUD) տնօրեն Ալբերտո Գիլենը և դոկտոր Իգնասիո Խոսե Բլանկոն։

Հինգ օրվա վերապատրաստման ընթացքում մասնակիցները զինվեցին գործնական մեթոդներով, որոնք կնպաստեն յուրաքանչյուր մոդուլի բովանդակությունը արդյունավետորեն կիրառելու իրենց դասավանդման ընթացքում՝ նպաստելով DeSIRe նախագծի նպատակներին և անհրաժեշտ հմտությունների զարգացմանը ինչպես մասնագիտական հաջողության, այնպես էլ սեփական հմտությունների զարգացման համար։

Previous Article
Next Article