ՎՊՀ ուսանողներ Արեն Ասլամազյանն ու Դավիթ Եգորյանը՝ ՀՀ բռնցքամարտի 2024թ. մեծահասակների առաջնության հաղթողներ
2024թ․ հունվարի 19-ից 25-ը Երևանում անցկացված ՀՀ բռնցքամարտի 2024թ. մեծահասակների և երիտասարդների առաջնությանը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից երկու ուսանող գրավել են առաջին հորիզոնականը՝ տարբեր քաշային կարգերում:
Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսի ուսանող Արեն Ասլամազյանը հանդես է եկել 51 կգ քաշային կարգում, նույն մասնագիտության առկա ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Եգորյանը՝ 54 կգ քաշային կարգում: Ի դեպ, հատկանշական է, որ բռնցքամարտի մարզիկ Արեն Ասլամազյանի մարզիչ Արմեն Պապիկյանը ևս Վանաձորի պետական համալսարանի ուսանող է :
Արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանի խոսքով՝ սա եզակի դեպք է, երբ հանրապետական առաջնությունից մեր համալսարանն ունի միաժամանակ երկու չեմպիոն:
Հաղթող մարզիկներին և մարզիչներին փետրվարի 1-ին հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը՝ շնորհավորելով մարզական ձեռքբերումների կապակցությամբ և ցանկանալով հաջողություններ նաև ուսման ու գիտության բնագավառում:
Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմի և ուսանողության անունից շնորհավորում ենք մեր բռնցքամարտիկներին և մաղթում հաջող մրցելույթներ արդեն միջազգային ռինգում: