Կայացավ «Ուսանողական գարուն-2023» փառատոնը
Մայիսի 6-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում մեկնարկեց «Ուսանողական գարուն» ամենամյա փառատոնի բացման արարողությունը:
«Ուսանողական գարուն» փառատոնը կազմակերպվում է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է ուսանողների գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիարակության զարգացմանն ու մշակութային գործունեության ակտիվացմանը: Փառատոնի նպատակն է հայտնաբերել, խրախուսել, աջակցել շնորհալի ուսանողներին, նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը, խթանել և աշխուժացնել մարզի գրական-մշակութային կյանքը:
Նախորդ տարի փառատոնը կազմակերպվել էր Լոռու մարզի ուսանողության շրջանակներում. այս տարի փառատոնի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել էր: Մասնակցության հայտ էին ներկայացրել ուսանողներ Գորիսի և Գավառի պետական համալսարաններից, ինչպես նաև Դիլիջանի, Ստեփանավանի և մարզկենտրոն Վանաձորի ուսումնական հաստատություններից: Սա վկայում է այն մասին, որ փառատոնը յուրօրինակ կապ է ստեղծում տարբեր մարզերի ուսանողների միջև՝ ներգրավելով նրանց մշակութային կյանքին:
Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, օրհնության խոսք ասաց Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը, ելույթով հանդես եկավ Վանաձոր համյանքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը:
Փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան հետևյալ անվանակարգերում.
1. Մեներգեցողություն
2. Երգչախումբ կամ վոկալ-գործիքային անսամբլ
3. Գործիքային կատարումներ
4. Թատերարվեստ
5. Պարարվեստ
Պարարվեստ և թատերարվեստ անվանակարգերի մասնակիցները հանդես եկան «Լոռի» ժամանցի կենտրոնի բեմում:
«Ուսանողական գարուն-2023» փառատոնի արդյունքներն ամփոփվել են հաջորդ օրը՝ «Մարսել» ռեստորանային համալիրի դահլիճում: