2022-2023 ուստարվա մագիստրոսական դիպլոմների հանձման արարողությունը՝ Սանահինի վանական համալիրում
Հուլիսի14-ին Սանահինի վանական համալիրում արտասովոր եռուզեռ էր: Համալիրի պատերից ներս՝ Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախմբի կատարումներն էին հնչում: Առիթը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2022-2023 ուստարվա մագիստրոսների ձեռնադրման արարողությունն էր:
Ամեն տարի այս միջոցառումը համալսարանը տոնել է յուրովի, բայց այս տարի ռեկտոր Ռուստամ Սահակյանի նախաձեռնությամբ որոշվել էր էլ ավելի հիշարժան դարձնել օրը և մագիստրոսների դիպլոմները հանձնել այս խորհրդանշական վայրում:
«Սիրելի՛ շրջանավարտներ, ավարտվեց ձեր ուսումնառությունը համալսարանում, բայց քանի որ սովորելը և ինքնակրթվելը ցկյանս գործընթաց է, ցանկանում եմ, որ այն գիտելիքների պաշարը, որով այսօր հեռանում եք համալսարանից, նոր հորիզոններ բացի ձեր կյանքում, նպաստի ձեր երազանքների իրականացմանն ու մասնագիտական կայուն զարգացմանը», -շնորհավորական իր ելույթում նշեց Ռուստամ Սահակյանը:
Միջոցառմանն իր օրհնության խոսքն էր բերել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ներկաներին ողջունեց և մագիստրոսներին շնորհավորեց Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, ով ի պաշտոնե նաև Վանաձորի պետական համալսարանի դասախոս է:
Ցերեկույթի պաշտոնական մասին հաջորդեց մագիստրոսական դիպլոմների հանձնման և մագիստրոսների ձեռնադրման արարողությունը: Միջոցառումը եզրափակվեց մագիստրոսների երդման արարողությամբ:
Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին համալսարանի հումանիտար, հասարակակագիտական և բնական գիտությունների ֆակուլտետների առկա ուսուցման, ինչպես նաև «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտության հեռակա ուսուցման մագիստրոսները՝ թվով 41 շրջանավարտ:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների անունից շնորհավորում ենք մեր բուհի մագիստրոսներին՝ մաղթելով բազում ձեռքբերումներ ոչ միայն գիտական աշխարհում, այլև՝ անձնական կյանքում: